Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 26-րդ գործողությամբ նախատեսված է քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ կատարվել է մասնակի։
Վիճակագրական ճկուն գործիքների ներդրման արդյունքում ապահովված է գործադիր իշխանության մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակը ներդրվել է, զուգահեռաբար ապահովվել է գործադիր իշխանության մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Վիճակագրական ճկուն գործիքների ներդրման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։
2021 թվականի ընթացքում ուսումնասիրվել են թեժ գծի հեռախոսակապ ունեցող գերատեսչություններում ներդրված համակարգերը։
Դիտարկվել են արդեն գործող թեժ գծի համակարգերը Վարչապետի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև 158 պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգին ինտեգրելու հնարավորությունները: Միաժամանակ, թեժ գիծը չպետք է ընկալել որպես հեռախոսային համակարգ։
Միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության հաշվետվություն՝ սույն միջոցառման շրջանակներում նախատեսված վիճակագրական ճկուն գործիքների ներդրումը չի իրականացվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ միջոցառումը համարվում է մասնակի կատարված։
Ինչպես արձանագրվեց ՖԽՔ-ի ժամանակ, հարթակը հարմարեցված չէ հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Միևնույն ժամանակ հարթակը չի բացառում թղթային տարբերակով դիմումներ, բողոքներ ներկայացնելու հնարավորությունը և այն զուտ լրացուցիչ գործիք է, որն ապահովում է էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ ներկայացնելու հնարավորության մատչելիությունը՝ ի լրումն դիմում-բողոքը թղթային ներկայացման տարբերակի: Հավելվեց, որ քննարկվել է ձայնային եղանակով գործիքի ներդրման հնարավորությունը, սակայն հայերեն լեզվի դեպքում այդ գործիքը դեռևս տեխնիկապես հասանելի չէ և դիմում-բողոքները ընդունվում են միայն տեքստային շարադրմամբ։
Գործողության կատարման պատասխանատու գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչների հավաստմամբ՝ վերջերս իրականացված հարթակի բարելավման աշխատանքների արդյունքում ավելացվել է գնահատման հնարավորություն, որը թույլ է տալիս մի կողմից գնահատել բուն հարթակի գործունեությունը (մատչելիություն, հարմարություն և այլն), մյուս կողմից գնահատվում է նաև համապատասխան պետական մարմնի աշխատանքը (ժամկետներ, բավարարվածություն պատասխաններից)։
Այսպիսով՝ գործողությունը կատարված է մասնակի։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։