Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության 6-րդ գործողությամբ նախատեսված է դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովման իրականացումը, որը մշտադիտարկան արդյունքների համաձայն՝ չի կատարվել։
Զեկույցում ասվում է, որ յուրաքանչյուր տարի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն անց է կացնում 1 նիստ՝ նվիրված հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը:
Հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը նվիրված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ չի անցկացվել։
Համաձայն Արդարադատության նախարարության 2021թ․ մշտադիտարկման հաշվետվության՝ 2021 թվականի ընթացքում ապահովվել է դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն գործունեությունը, որի շրջանակում ձևավորվել է աշխատանքային խումբ, տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ, կազմվել է դոնորների աշխատանքների համակարգման մատրիցա։
Այդուհանդերձ, կատարված գրասենյակային հետազոտությունների արդյունքում, պարզ դարձավ, որը 2021 թվականին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը երկու նիստ է գումարել (փետրվարի 16-ին և հոկտեմբերի 28-ին)։ Առաջին նիստի ոչ ծավալուն արձանագրությունը հրապարակվել է 2021 թվականի ապրիլի 9-ին, իսկ երկրորդ նիստինը՝ չի հրապարակվել։ Ըստ հրապարակված պաշտոնական արձանագրության՝ առաջին նիստը նվիրված չի եղել հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը, այն ներառել է այլ հարցեր։
Երկրորդ նիստում նույնպես չեն քննարկվել դոնորների աշխատանքների համակարգմանը նվիրված հարցեր։ Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ բովանդակային տեսանկյունից դոնորների համակարգմանն ուղղված աշխատանքները պարբերաբար իրականացվում են ՀՀ ԱՆ-ի կողմից։ Հարցին ի պատասխան, թե արդյոք դոնորների հետ աշխատանքի ձևաչափը փոփոխվել է (հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստ տեղի չի ունեցել, սակայն հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային խմբի շրջանակներում կազմակերպվել է քննարկում)` ԱՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ քննարկումը ֆորմալ բնույթ չի կրել։
Սույն միջոցառման իրականացման շրջանակներում ակնկալվող արդյունքով և վերստուգիչ ցուցիչով սահմանված է՝ իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագրությունները տարածված են։
Վերոգրյալից պարզ է դառնում, որ որպես այդպիսին, Հակակոռուպցիոն քաղաքականության նիստ չի գումարվել, դրանք եղել են առանձին և կոլեգիալ հանդիպումներ՝ ուղղված որոշակի շրջանակի հարցերի քննարկմանը, և որոնց վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկություններ չեն տրամադրվել՝ չհաշված ընդհանուր բնույթի տեղեկատվական կարճ հաղորդագրությունները՝ նորությունների տեսքով։
Այսպիսով՝ գործողությունը կատարված չէ։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։