Փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերում․ օրենքն ուժի մեջ է մտել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել։

Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել մայիսի 5-ին։

Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություն է կատարվել օրենքի 21-րդ հոդվածում, որով սահմանված են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Փոփոխության համաձայն՝

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.

3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

4. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում:

5. Սույն հոդվածով չնախատեսված այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասի համաձայն ներկայացված` քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը` սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում:

6. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

Օրենքի 26-րդ հոդվածում, որով սահմանված է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը, ևս փոփոխություն է կատարվել․ 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանվել է «պաշտպանության մարտական գործողությունների կամ» բառերը:

Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է․

3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների)`

1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) որն ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) որն ամուսնացած է և ունի մեկ երեխա.

4) որի ծնողները մահացած են.

5) որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

Օրենքի 29-րդ հոդվածը, որով սամանված է Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելը, լրացվել է նոր ենթակետով և նոր մասով․

1. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`

1) սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում.

2) վաղաժամկետ`

ա. սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի (Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը և բուժման մեջ գտնվելը) համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,

բ. սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կամ 6-րդ մասերով (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալը) սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների,

գ. զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով մահացած ճանաչվելու դեպքում:

դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը) սահմանված դեպքում:

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված և պատիժ կրող շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի համապատասխան բաժիններում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը) նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով կամ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու դեպքում զինծառայողին տրամադրվում են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված քաղաքացիները երեք տարին մեկ ենթակա են բժշկական վերափորձաքննության, որի արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե զինվորական ծառայությունից արձակվելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել