Քննիչի մասնագիտությունը միայն զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ․ այս կարծիքն է հայտնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը՝ մեկնարկելով Iravaban.net–ի նոր՝ «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքը։
-Պարոն Վարդանյան, ներկայումս հիմնականում ի՞նչ աշխատանքներով է զբաղված Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը:
-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի կազմակերպման, մեր աշխատանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և այն անաչառ լուսաբանելու համար: Վարչությունը համակարգում է Երևան քաղաքի վարչական շրջանների և մյուս ստորաբաժանումների գործունեությունը: Ի թիվս իր ծավալուն գործառույթների՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերը, միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ, քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող ստորաբաժանման քննարկմանը, ապահովում է համագործակցությունը կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:
-Դուք Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում եք անցած տարվանից, մինչ այդ էլ զբաղեցնում էիք ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը, կնշեք, թե ինչպիսի՞ ցուցանիշներով ամփոփեց նախորդ տարին Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանումը:
-Սկզբում ներկայացնեմ մի փոքր թվային ցուցանիշներ՝ 2021թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 19.165 քրեական գործ, իսկ 2020 թվականին՝ 15.258 քրեական գործ, այսինքն՝ 2021թ. ընթացքում վարույթը աճել է 3907 քրեական գործով կամ 25.6%-ով, աննախադեպ այս աճի պայմաններում 2021թ. քննված 19.165 քրեական գործերից 2022թ. փոխանցվել է միայն 1817 քրեական գործ կամ ընդհանուր վարույթի 9.5%՝ նախորդ տարվա 16.6%-ի դիմաց: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2021թ. քննիչների կողմից կատարված աշխատանքների արտադրողականությունը կազմել է 90.3%: Կարծում եմ՝ այս ցուցանիշներն արդեն իսկ խոսում են համախմբված և արդյունավետ աշխատանքի մասին: Ավելացնեմ նաև, որ ես, ինչպես նաև Երևան քաղաքի քննչական վարչության ամբողջ անձնակազմը, կանգ չենք առնելու գրանցված հաջողությունների վրա, այլ այս տարի նույնպես փորձելու ենք էլ ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը:
-Ամփոփված վիճակագրական նյութերի համաձայն ո՞ր հանցատեսակներն են ցուցաբերում առավել զարգացման միտումներ:
-Կարող եմ վստահաբար պնդել, որ առավել զարգացման միտում ունեն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հանցագործությունները: Ավելացնեմ նաև, որ այդ հանցատեսակների դեմ պայքարում ինչպես Երևան քաղաքի քննչական վարչությունն, այնպես էլ ամբողջ Քննչական կոմիտեն իրականացնում են կանխարգելիչ, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերի և կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով քաղաքացիների իրազեկման բարձրացմանը միտված տարբեր միջոցառումներ: Մասնագիտական վարչության կողմից պատրաստվում են տվյալ հանցատեսակների քննության մեթոդիկա, ինչպես նաև ստորաբաժանումների քննիչների վերապատրաստման դասընթացներ:
-Որո՞նք են առաջիկայի այն ծրագրերը, որոնք համարում եք ընթացիկ տարվա Ձեր գործունեության առաջնահերթությունները:
-Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերը, որոնցով պայմանավորված՝ մինչդատական վարույթն իրականացվելու է նոր տրամաբանությամբ, ուստի և Քննչական կոմիտեի առաջնահերթությունն է անձնակազմին նոր օրենսդրության պահանջներին համահունչ, հնարավորինս արագ և որակյալ վերապատրաստելը, նրանց մրցունակ դարձնելը: Այդ նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում եմ նաև ես: Հանձնաժողովի խնդիրն է կոմիտեի աշխատանքները կազմակերպել այնպես, որ օրենսդրության փոփոխությունները կիրարկվեն արդյունավետորեն, առաջ եկող բոլոր հարցերը ստանան պատշաճ և օպերատիվ արձագանք: Այս տարվա առաջնահերթություններից է նաև Քննչական կոմիտեի անձնակազմը պրոֆեսիոնալ և բանիմաց քննիչներով համալրելը, որի արդյունքում կնվազի մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին էլ ավելի կբարձրացնի մինչդատական վարույթի արդյունավետությունը:
-Պարոն Վարդանյան, դատելով նախորդ հարցերին տրված պատասխաններից՝ հասկացվում է, որ քննիչներն աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով. ինչպե՞ս եք կարողանում ապահովել մինչդատական վարույթի արդյունավետությունը նման ծավալների պարագայում:
-Իրավամբ, քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, սակայն նշեմ, որ մեր քննիչներն իրենց մասնագիտության նվիրյալներն են և դա է նպաստում նման գերծանրաբեռնվածության պարագայում արդյունավետ աշխատելուն. ինչպես մենք սովորաբար կատակում ենք՝ քննիչի աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին, բայց չի ավարտվում: Ավելացնեմ նաև, որ 2021 թվականից Քննչական կոմիտեի նախագահ պարոն Քյարամյանի գլխավորությամբ մենք որդեգրել ենք ավելի ճկուն աշխատելաոճ, այսինքն մեր կողմից ամեն ամիս իրականացվում է մշտադիտարկում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներ են գործուղվում քննիչներ, ըստ անհրաժեշտության կատարվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են քննիչների ծանրաբեռնվածությունը թոթափելուն և առաջացած կազմակերպչական խնդիրներն օպերատիվ լուծելուն:
-Եթե կարելի է՝ փոքր-ինչ շեղվենք պաշտոնական հարցադրումներից. ազատ ժամանակ ինչո՞վ է նախընտրում զբաղվել քաղաքացի Մհեր Վարդանյանը:
-Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը շատ մեծ պատասխանատվություն է, ուստի ես նույնպես աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով: Ասեմ ավելին, շատ անգամներ, օրվա ցանկացած ժամի, հնչեղություն ունեցող կամ առանձնապես ծանր դեպքերի պարագայում ես ևս մեկնում եմ դեպքի վայր՝ տեղում կազմակերպելով քննչական աշխատանքը և համագործակցությունը մյուս ուժային կառույցների հետ, իսկ հազվադեպ ազատ ժամանակ ունենալուց՝ այն անցկացնում եմ ընտանիքիս հետ:
-Գաղտնիք չէ, որ իրավապահ կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար երկար ժամանակ ու ջանք է պահանջվում․ Դուք այս համակարգում աշխատում եք 2003 թվականից։ Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:
-Ես իմ ճանապարհը սկսել եմ քննիչի պատասխանատու պաշտոնից և ուժ ու եռանդ չեմ խնայել իմ աշխատանքը հավուր պատշաճի կատարելու համար. ինչպես բազմաթիվ քննիչներ, այնպես էլ ես ճանապարհին ունեցել եմ անքուն գիշերներ և հանդիպել եմ տարբեր դժվարությունների, որոնք կարողացել եմ հաղթահարել աշխատասիրության և անընդհատ ինքնակրթման ու գիտելիքներս խորացնելու շնորհիվ: 19 տարիների ընթացքում զբաղեցրել եմ տարբեր պատասխանատու պաշտոններ և միշտ ձգտել եմ գործառույթներիս շրջանակում առավելագույնն անել, թե՛ ինձ վստահված առաքելությունը պատշաճ իրականացնելու և թե՛ մեր պետության համար:
-Ըստ Ձեզ՝ քննիչի մասնագիտությունն այժմ գրավի՞չ է երիտասարդ իրավաբանների համար։
-Կարծում եմ՝ այո, սակայն մի հավելումով՝ քննիչի մասնագիտությունը միայն զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ: Ավելացնեմ նաև, որ երիտասարդ իրավաբանների համար մեր մասնագիտությունն էլ ավելի գրավիչ դարձնելու նպատակով մեր պետությունը նկատելի ջանքեր է գործադրում՝ քննիչների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
-Ո՞րն եք համարում Ձեր հիմնական սկզբունքը կյանքում և աշխատանքում:
-Արդարամտությունը և ազնվությունը:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: