Քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածում, որով սահմանված է ժառանգության բացման ժամանակը, վերջին փոփոխություններն ուժի մեջ են մտել 2022 թվականի փետրվարի 9-ին։ Նոր խմբագրման համաձայն՝
1. Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:
2. Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
Iravaban.net-ը հայտնում է, որ նշված հոդվածի 1․1 մասի գործողությունը տարածվում է նաև այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների վրա, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և որոնց ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած և առնվազն մեկ ամսվա ընթացքում ինքնությունը չհաստատված քաղաքացու մահվան պետական գրանցումն իրականացվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում: