«Ես այլընտրանք չունեի»․ Պուտինը՝ «հատուկ գործողության» մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու ընտրություն չէր մնացել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն-խմբ․) ճիշտ է ասել. ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», – ասել է Պուտինը:

Նա նշել էր, որ Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։

«Ուկրաինան սկսել է վերածվել հակառուսական հենակետի, իսկ ազգայնականության ու նեոնացիզմի ծիլերը, որոնք վաղուց գոյություն ունեն այնտեղ, սկսել են աճել»,- ընդգծել է Պուտինը։

Ըստ նրա՝ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան խորն են աճել նեոնացիստական ​​գաղափարները Ուկրաինայում։

Պուտինը նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար Ռուսաստանի Դաշնությունը օգնում է Դոնբասի ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ «միջոցներ է ձեռնարկում հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար»։

«Ակնհայտ է, որ մենք այլ ելք չունեինք, այդպես է, և կասկած չկա, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն։ Նպատակները միանգամայն հասկանալի են, վեհ են»,- ընդգծել է Պուտինը։

Ըստ նրա ՝ հիմնական նպատակը Դոնբասի ժողովրդին օգնելն է․ «Դոնբասի ժողովուրդը, որը մենք ճանաչեցինք, ստիպված եղանք դա անել, քանի որ Կիևի իշխանությունները, Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել մինսկյան համաձայնագրերը, որոնք ուղղված էին խնդրի խաղաղ լուծմանը»,- հավելել է նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել