Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ինչպես քրեական ենթամշակույթի վերացում, այնպես էլ այլընտրանքային պատժի համակարգի ներդնում։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումների իրականացում և անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործում։
Թեմայի վերաբերյալ Իրավաբան․net-ը խոսել է փաստաբան Նարեկ Ալոյանի հետ։
-Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ուղղություններից մեկը քրեական ենամշակույթի վերացումն էր, ինչի շրջանակներում էլ 2020թ․-ի փետրվարի 22-ին ուժի մեջ մտավ քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքը։ Ինչպե՞ս եք գնահատում այս 2 տարիների ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքը, օրենսդրական բացեր կա՞ն օրենքում։
-Օրենսդրական բացերի լիարժեք գնահատումը հնարավոր է դառնում օրենքի փաստացի կիրառման արդյունքում։ Այս առումով պատշաճ գնահատում կատարելու համար առկա է սուբյեկտիվ խոչընդոտ։ Օրենքի ընդունումից անցել է երկու տարի՝ ինչը քաղաքացիական կյանքի տեսանկյունից բավականաչափ ժամկետ է, սակայն քրեական դատավարության առումով դեռևս բավարար չէ օբյեկտիվ գնահատում իրականացնելու համար։ Գաղտնիք չէ, որ քրեական գործերով մինչդատական վարույթն, ինչպես նաև քրեական գործերի դատական քննությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ձգձգումներով՝ ինչն էլ իր հերթին ունի խորքային բազմաթիվ պատճառներ՝ քննչական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածություն և այլն։
Այսպիսով՝ մի կողմից ունենք օրենսդիր մարմին, որն իր կամքն արտահայտել է օրենքի այն շարադրմամբ, որը գործում է այժմ։ Մյուս կողմից չունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բավարար քանակ, որը հնարավորություն կընձեռեր գնահատել՝ թե արդյո՞ք օրենքի այժմեական շարադրանքը ծառայում է օրենսդիրի կողմից սահմանված նպատակի կենսագործմանը։
Նման պայմաններում օրենսդրական բացի վերաբերյալ կարծիքներն, ընդհանուր առմամբ, կրելու են սուբյեկտիվ բնույթ և տևական ժամանակ կլինեն տեսական հարթությունում։
Որպես փաստաբան՝ խնդրահարույց եմ համարում «քրեական ենթամշակույթ» եզրույթը և կարծում եմ, որ քրեական դատավարությունում այդ եզրույթի կիրառումը կարող է առաջացնել բազմաթիվ գիտագործնական խնդիրներ։
-Այլընտրանքային պատժի համակարգերը կիրառելիության ի՞նչ տարածվածություն ունեն Հայաստանում։ Դրանց տեսակների ավելացման խնդիր կա՞։
-Այս հարցադրման առնչությամբ հարկ եմ համարում առաջնահերթ անդրադառնալ պատժի նպատակներին, որոնք սահմանված են Քրեական օրենսգրքում։ Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակներն են վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Նման պայմաններում այլընտրանքային պատիժների համակարգերի պատշաճ վերլուծության և կիրառման համար անհրաժեշտ է նախ յուրաքանչյուր դեպքում հստակ սահմանել պատժի նպատակը, ինչից հետո էլ դիտարկել այդ նպատակին հասնելու տեսանկյունից սահմանվող պատժի համաչափությունը։
Արդեն իսկ այս փուլից ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ ո՞րն է սոցիալական արդարությունը (կոնկրետ գործով), ինչպե՞ս է որոշվում սոցիալական արդարության վերականգնումը (ի՞նչ բանաձևով) և այլն։ Ասվածին ծայրահեղ ֆորմալիստական ձևակերպում չհաղորդելու նպատակով, առանց անձի տվյալների մատնանշման, բերեմ առարկայական օրինակ․ 23 տարեկան երիտասարդն անզգուշությամբ գիշերային ուշ ժամի վրաերթի է ենթարկում оրենքով չնախատեսված վայրով փողոցը հատող տարեց կնոջը, ինչի արդյունքում էլ տուժողը մահանում է։
Երիտասարդն ամբողջությամբ ընդունում է իր մեղքը։ Տալիս է խոստովանական ցուցմունք, աջակցում է քննությանը։ Ամբողջությամբ հատուցում է պատճառված վնասը։
Հատկանշական եմ համարում, որ խոսքը նախկինում չդատապարտված, մշտական բնակության վայր, մշտական աշխատանք ունեցող և շրջապատի կողմից դրական բնութագրվող անձի մասին է։
Առաջին ատյանի դատարանում տուժողի իրավահաջորդը (մահացած տիկնոջ որդին) նշում է, որ ամբաստանյալի դեմ բողոք չունի։ Նման պայմաններում առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին դատապարտում է մեկ տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում է դատական ակտը և ազատազրկման ձևով նշանակված պատիժը փոխարինում է պատժի պայմանական չկիրառմամբ՝ սահմանելով փորձաշրջան։ Տուժողի իրավահաջորդի կողմից նշված դատական ակտը չի բողոքարկվում։ Նշված դատական ակտի դեմ բողոք է ներկայացնում Գլխավոր դատախազի տեղակալը, որն էլ Վճռաբեկ դատարանի կողմից բավարարվում է և իր սպասվող ամուսնությունից երկու շաբաթ առաջ 23 տարեկան անձն ազատազրկվում է։
Նման պայմաններում այլընտրանքային պատիժների քանակի ավելացման անհրաժեշտության մասին խոսելն իմաստազուրկ է, քանի որ քրեական արդարադատություն իրականացնող «բարձր օղակներում» դեռևս առկա է ազատազրկման ձևով պատժին նախապատվություն տալու ընդգծված հակում։
Տվյալ խնդիրը կարող է լուծվել, եթե ներդրվեն պատժի նպատակների իրականացման չափելիության որոշակի գործիքներ, որոնք առայժմ բացակայում են։
-ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ընդունվել է 2021թ․-ի հունիսի 30-ին և ուժի մեջ կմտնի այս տարի, հուլիսի 1-ին։ Այս շրջանակներում ներդրվել են համաձայնեցման (plea bargaining) և համագործակցության վարույթները։ Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք կարող են ՀՀ-ում։
*Այն դեպքերում, երբ դատավարության կողմերը համաձայնության են գալիս մեղադրյալի մեղավորության հարցում, որոշ կատեգորիաների հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների մանրակրկիտ հետազոտության վրա ռեսուրսներ ծախսելն արդարացված չէ: Այդ դեպքերում դատարանը պետք է պարզապես հաստատի կողմերի միջև կնքված համաձայնության մասին արձանագրությունը: Սա բխում է նաև մրցակցության սկզբունքի լիարժեք իրագործման տրամաբանությունից:
-Կողմերի միջև բովանդակային համաձայնության կայացման և կնքման համար, անհրաժեշտ է, որ կողմերն ունենան համաձայնության շուրջ բանակցություններ վարելու ազատություն։ Բանակցություններն իմաստազուրկ են, եթե բանակցության կողմերից մեկը (մեղադրողը) բանակցություններին մասնակցում է չունենալով բանակցային բովանդակային մանդատ, այսինքն՝ որոշում կայացնելու ազատություն։ Նման պայմաններում, դեպքերի մեծամասնությունը ենթադրելու համաձայնություն մեղադրողի վերադասի դիրքորոշման հետ, ինչպիսի պայմաններում տվյալ օրենսդրական փոփոխությունը նախկինում գործող դատական քննության արագացված կարգի համեմատ իրավունքի զարգացման տեսանկյունից մեկ քայլ առաջ գնահատելը, առնվազն ներկա փուլում, հիմնավոր չեմ համարում։ Փոփոխության բովանդակային կենսագործման համար անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական կարգավորումներից զատ դատախազներին տրվեն որոշում կայացնելու ազատության հավելյալ երաշխիքներ։
-Անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների հետ կապված ի՞նչ խնդիրներ կան դատարաններում։ Ռազմավարությամբ նախատեսվում է նշված անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործում։ Օրենսդրությունը ի՞նչ թերի կողմեր ունի այս ոլորտում։
-Այս հարցադրման առնչությամբ չափազանց հատկանշական եմ համարում տարիներ շարունակ արձանագրվող և չլուծվող ցավալի մի խնդրի հերթական արձանագրումը։
Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք դատարանների շենքերը չունեն համապատասխան մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ խոսքը թեքահարթակների մասին է։
Թվում է, թե հեշտ լուծում ենթադրող պարզ խնդիր է։ Այդ խնդիրն, իմ գնահատմամբ, առաջին հերթին վերաբերմունքն է իրավունքի նկատմամբ։ Առավել հակված եմ այն կարծիքին, որ սա առավելապես անփութության, քան դիտավորության հետևանք է։ Անկախ պատճառից, խնդիրն առկա է և այն տարիներ շարունակ չի ստանում իր լուծումը։ Մենք կարող է անվերջ կատարելագործել օրենսդրությունը, բայց եթե նման պարզ խնդիրները չեն ստանում իրենց լուծումները, բովանդակային լուծումների առումով մեր երկիրը, իրավապահ համակարգը և դատարանները շարունակելու են «կաղալ»։
-Քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում ինչպիսի՞ խնդիրներ ունեն ՀՀ իրավապահ մարմինները։
-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում դեռևս նման խնդիրների չեմ առնչվել։