Ֆրանսիան որոշել է վտարել մի խումբ ռուս դիվանագետների

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել մի խումբ ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Երկրի ԱԳՆ-ն պնդում է, որ վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ, որը եվրոպական երկրների դեմ դեմարշի մի մասն է:

BFM հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը մոտ 30 ռուս դիվանագետի մասին է։

ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ կպատասխանի ֆրանսիական կողմի այս դեմարշին, միևնույն ժամանակ AFP գործակալությունը, վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, հայտնել է, որ Ֆրանսիան կարտաքսի 35 ռուս դիվանագետի։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն այն դիվանագետների վրա, որոնց գործունեությունը «հակասում է Ֆրանսիայի շահերին»։

Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները ևս  հայտարարել էին ռուս դիվանագետներին արտաքսելու մտադրության մասին։ Focus Online պորտալի փոխանցմամբ՝ խոսքը դիվանագիտական ​​ներկայացուցչության 40 աշխատակցի մասին է։

Մարտի 29-ին եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Նիդեռլանդները և Իռլանդիան, հայտարարեցին, որ արտաքսում են ռուս դիվանագետներին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այսպիսով, 21 ռուս դիվանագետներ պետք է լքեն Բելգիան, 17 -ը՝ Նիդեռլանդները, չորսը՝ Իռլանդիան։ Ավելի վաղ Եվրամիության մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բուլղարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան, նույնպես պահանջել էին ռուս դիվանագետներին լքել իրենց ընդունող երկրների տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել