Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը կվերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի իրենց դիրքերը։ Այս մասին երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Նա ընդգծել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կողմերը կշարունակեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ։
Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է հրադադարի ռեժիմի ներդրման մեխանիզմի, զորքերի և այլ զինված կազմավորումների դուրսբերման, մարդասիրական միջանցքների մշտական գործունեության, ինչպես նաև զոհվածների փոխանակման, ռազմագերիների ազատ արձակման մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։