Ռուսաստանն առաջարկում է հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու միջև

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը երկու երկրների միջև պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ՝ արտգործնախարարների մակարդակով։

«Այսօրվա բովանդակալից զրույցից հետո մենք պայմանավորվել և առաջարկում ենք լուծում, ըստ որի՝ պետությունների ղեկավարների հանդիպումը հնարավոր կլինի արտգործնախարարների կողմից պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ, մանավանդ որ այս նախաստորագրման և քննարկման ժամանակ կարելի է քննարկել պայմանագրի մանրամասները, տարբեր քաղաքական նրբերանգներ ու մանրամասներ»,- Մեդինսկու խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը։

«Այսպիսով, եթե պայմանագիրը արագ աշխատի և գտնվի անհրաժեշտ փոխզիջումը, ապա խաղաղության հաստատման հնարավորությունը շատ ավելի կմոտենա»,- հավելել է նա։

Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն որոշել էր կտրուկ նվազեցնել ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ։

Նշենք, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում՝ մամուլի համար փակ։ Մինչ այս քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատվիրակություններին ուղղված ուղերձում հրադադարի կոչ է արել։ Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններում արագ առաջընթացի հույս է հայտնել։

Կրեմլը մատնանշել է առաջիկա օրերի կարևորությունը Ուկրաինայի հետ բանակցություններում իրավիճակը հասկանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել