Դատավոր Վահագն Մելիքյանին նկատողություն հայտարարվեց

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ մարտի 10-ին, հրապարակեց Երևանի առաջին ատյանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարել, դատավորին հայտարարել նկատողություն։

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ: 135-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոց կիրառելու հիմքերը։

«1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները»,-սահմանում է օրենսգիրքը:

Դատավորը նշել էր, որ խախտումները կատարվել են անուշադրության հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել