Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իր նպատակներին հասնելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին: Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում», – կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։
Պաշտպանության նախարարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս զինվորականները չեն օկուպացնում ուկրաինական տարածքը և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար։
«Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ բախումների ժամանակ ուկրաինական կողմը բազմակի հրթիռային համակարգեր, հրացաններ և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղադրում բնակելի շենքերի բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, իսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան:
Նշենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։