Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձում, որը նա հղել է ռուսերենով. հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեև լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:
——————
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
Այս մասին նա հայտարարել է Telegram-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում:
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: