Պուտինի հայտարարությունը՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Պուտինը հայտնել է, որ Դոնբասի ազգային հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ «Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

«Հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից, ևդրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի դեմիլիտարիզացիային եւ դենացիֆիկացիային, ինչպես նաեւ դատարանին հանձնելու նրանց, որոնք իրականացրել են բազմաթիվ արյունալի հանցագործություններ խաղաղ բնակիչների նկատմամբ, այդ թվում ՌԴ քաղաքացիների»,-ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանի բախումը Ուկրաինայում ազգայնական ուժերի հետ անխուսափելի է և դա միայն ժամանակի հարց է: «Նրանք պատրաստվում են և սպասում հարմար ժամի: Հիմա էլ հավակնում են ունենալ միջուկային զենք: Մենք թույլ չենք տա նրանց դա անել»,-նշել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի տակ, հաշվի առնելով, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրիանայի յուրացումը:

Վլադիմիր Պուտինը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել հանցավոր հրամաններ, անհապաղ վայր դնել զենքը և գնալ տուն: Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի բանակի բոլոր զինծառայողները, որոնք կկատարեն այդ պահանջը, կկարողանան առանց խոչընդոտների լքել ռազմական գործողությունների գոտին եւ վերադառնալ տուն իրենց ընտանիքների մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել