Հաճախակի արձանագրվող երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար լուրջ վտանգ են հանդիսանում, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է սեյսմոլոգ Լաշա Սուխիշվիլին՝ անդրադառնալով Սամեբա գյուղի մոտակայքում վերջին շրջանում հաճախ գրանցվող երկրաշարժերին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում երեկ հերթական երկրաշարժն արձանագրվեց բավականին ուժգին՝ 6,52 մագնիտուդ հզորությամբ։ Ավելի ուշ, ողջ գիշերվա ընթացքում ակտիվ սեյսմիկ գոտի համարվող այս տարածքում 6 հետցնցում է եղել, այդ թվում Դմանիսիի շրջանի գյուղ Սամեբայում, որը ևս գտնվում է ՀՀ սահմանին:
«Երեկ Երկրաշարժը տեղի է ունեցել 22:25-ին Ջավախեթիի լեռնաշղթայում, Հայաստանի հետ սահմանին. Այս տարածքում պարբերաբար թույլ երկրաշարժեր են տեղի ունենում, թեև այս անգամ այն 6-7 բալ ուժգնությամբ էր։ Նման ուժգնության երկրաշարժը բավականին վտանգավոր է և Վրաստանի, և ամբողջ տարածաշրջանի համար, բայց բարեբախտաբար այս անգամ էպիկենտրոնը գտնվում էր խիտ բնակեցված վայրերից հեռու։ Հատկանշական է, որ երեկվա երկրաշարժի էպիկենտրոնը հենց նույնն վայրն էր, որտեղ ողջ ամռան ընթացքում պարբերաբար երկրաշարժեր էին գրանցվում»։
Սեյսմոլոգ Գիորգի Ախալաիան ասում է, որ պատճառը գյուղի հրաբխային ծագումն է․
«Սամեբա գյուղը հրաբխային ծագում ունեցող լեռնաշղթայի վրա է։ Որը պարբերաբար բնութագրվում է սեյսմիկ ակտիվությամբ։ Այստեղ սեյսմիկ երևույթներ տեղի են ունենում որոշակի ընդմիջումներով: Երեկվա երկրաշարժը բավականին զգացվեց է թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան Վրաստանում, բարեբախտաբար լուրջ փլուզումներ չկան, այնուամենայնիվ հայտնի է էպիկենտրոնի մերձակայքում պատերի ճեխքվածքների մասին, դրանք կապված են տան դիրքից և օգտագործված շինանյութերից նաև»։
Ախալաիան հայտնում է, որ մինչ այժմ վերջին ուժգին երկրաշարժը Վրաստանում գրանցվել էր անցյալ տարի՝ 5,1 մագնիտուտ հզորությամբ։
«Երեկվա երկրաշարժն այս շրջանում (Վրաստանի և Հայաստանի սահմանին) ավելի ուժգին էր։ Այսպիսի երկրաշարժերը մեր երկրում և մեր ողջ տարածաշրջանում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ հատկապես քաղաքների համար, որտեղ կան բարձրահարկ շենք-շինություններ, օրինակ Թբիլիսիի համար։ Քանի որ Սամեբա գյուղն այնքան էլ զարգացած չէ ենթակառուցվածքների առումով և, հետևաբար, ծանրաբեռնված չէ բարձր շենքերով, այնտեղ ավելի քիչ վնաս կարող է պատճառել։ Այնուամենայնիվ, սեըսմիկ առումով գյուղը խիտ բնակեցման համար հարմար չէ, բնակիչները պիտի ունենան անհրաժեշտ տեղեկություն ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ» — նկատում է սեյսմոլոգը։
Երկրաշարժը ուժեղ է զգացվել Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակիչ Հարություն Հովսեփյանը նշում է, որ առաստաղից պոկվել է մեծ ջահը․
«Հյուրասենյակի ջահը մի պահ ցնցվեց ու մեծ հզորությամբ ընկավ հատակին, բարեբախտաբար այլ լուրջ վնաս չենք կրել։ Ցնցումները զգալուն պես դուրս եկանք տնից՝ փորձելով դուրս գալ շենքից, բոլորը դրսում էին, ասում էին՝ Սպիտակի երկրաշարժի հետցնցումները վերհիշեցինք» — «Ալիք Մեդիային» պատմում է Հովսեփյանը։