Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում: Այդ փոփոխություններով նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է հաշտարար, փաստաբան Նազելի Տեր-Պետրոսյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:
Հաշտարարի կարծիքով՝ պարտադիր հաշտարարություն կարող է սահմանվել առայժմ միայն ընտանեկան գործերով, ինչը հնարավորություն կտա բեռնաթափել դատարանները․ խոսքը վերաբերում է հիմնականում ամուսնալուծության գործերին։
Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով, սակայն հաշտարարը նշում է, որ այս փոփոխությունը դրական արդյունք չի տա:
«Առցանց կամ հեռախոսային հաշտարարությունը չի կարող արդյունավետ լինել, հաշտարարության հիմնական գործիքակազմը ենթադրում է կոնտակտ շահառուների հետ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք բավարար եք գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները, հաշտարարն ասաց. «Բավարար եմ համարում, սակայն պարտադիր եմ համարում ցանկացած փոփոխության վերաբերյալ համընդհանուր քննարկումը՝ տվյալ համայնքի ներկայացուցիչների հետ»: