Ղազախստանում չեղարկվել է ահաբեկչության սպառնալիքի «նարնջագույն» մակարդակը

Ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը Ալմաթիում չեղարկվելու է փետրվարի 7-ից՝ քաղաքում իրավիճակի կայունացման պատճառով: Այս մասին հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի քաղաքի օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շտաբի ղեկավարի որոշման համաձայն՝ փետրվարի 7-ի ժամը 00.00-ից ահաբեկչական սպառնալիքի բարձր «նարնջագույն» մակարդակի գործողությունը չեղարկվելու է»,- ասված է շտաբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին, երբ երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ արտահայտվեցին հեղուկ գազի գների կրկնապատկմանը։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիյում՝ հին մայրաքաղաքն ու հանրապետության ամենամեծ քաղաքը: Այստեղ սկսվեց թալան, զինյալները հարձակվեցին պետական ​​հաստատությունների վրա, խլեցին զենքերը։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն հայտարարեցին ամբողջ երկրում և սկսեցին հակաահաբեկչական գործողություն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ժամանակ տուժել է մոտ 1000 մարդ։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով տուժել է 4578 մարդ, մահացել է 225-ը, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արձակեց կառավարությունը և գլխավորեց Անվտանգության խորհուրդը։ Խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում տիրող իրավիճակը որակեց որպես պետության ամբողջականությունը խաթարող և հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին հայտարարվեց հունվարի 13-ին։

Հունվարի 19-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հանրապետությունում այլևս օտարերկրյա զինվորականներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել