Շուրջ 228 միլիոն դրամ․ Երևանի քաղաքապետի որոշմամբ «Դվին» հյուրանոցային համալիրի կողմից ինքնակամ իրականացրած կառույցն օրինական է ճանաչվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փետրվարի 3-ին որոշում է ընդունել՝ օրինական ճանաչել «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած կառույցը։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրինականացման համար ընկերությունը պետք է վճարի 228․6 միլիոն դրամ։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 06.12.2021թ. տրված հ.18-06/Օ-785 մասնագիտական եզրակացությունը, «Սեյսմակայուն շինարարություն» ՍՊԸ-ի կողմից 07.10.2021թ. և 05.01.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ռուստամ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից 04.10.2021թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (07.10.2021թ. հ.21/127872, 26.11.2021թ. հ.Շ-1578) և պետական պահպանության ծառայության պետի 20.12.2021թ. հ.19/2269 գրությունը.

1. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոցի հ.40 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 24.08.2020թ. տրված հ.24082020-01-0262 վկայական) «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին (իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային քաղվածք առ 15.03.2018թ., գրանցման համարը 286.120.05485 տրված 22.09.2004թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 15823.85 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /կիսակառույց/) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 228․654․633 (երկու հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4) սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)»։

Որոշման մեջ նաև նշվում է, որ այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Քաղաքապետը որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի նիստին, երբ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր և քննարկվում էր հասարակության անդորրը խանգարող որոշ հաստատություններից լսվող երաժշտության ձայնի մասին, այդ ժամանակ քաղաքապետը հայտնեց, որ նման խնդիր կա նաև Հյուսիսային պողոտայի հատվածում, խնդիր կա նաև «Դվին» հյուրանոցային համալիրի հետ կապված։ «Այդտեղ բոլոր բնակելի տներում, բազմաբնակարան շենքերում նույնպես խնդիր կա և մարդիկ բողոքում են։ Այստեղ ունենք և՛ իրավական մասով հարցեր, որոնք շտկվում են, և՛ հանձնարարել եմ լուծում տալ, որպեսզի ոչ միայն հորդորներով, խնդրանքներով կամ այլ ներազդեցություններով այդ տնտեսվարողների հետ զրուցենք, այլ հստակ, օրենքով, ավագանու որոշումով, հստակ պաանջներով ու պարամետրերով»։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց Հայկ Մարությանին․ ««Դվինում» երկու հարկ կա՝ ապօրինի կառուցած, դրա հետ կապված ի՞նչ որոշում ունենք, ի՞նչ ենք անելու, տուգանվե՞լ են դրա համար»։

Մարությանն էլ հայտնեց․ «Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, և մեր մասնագետները պետք է ասեն՝ ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց, եթե նայենք՝ ձախ հատվածում կա երկհարկանի ապակեպատ․ այստեղ նույն պատմությունն է, կամ պետք է քանդվի, կամ պետք է ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարները վճարվեն քաղաքային բյուջե»:

Գլխավոր լուսանկարը՝ «Դվին» հյուրանոցի կայքէջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել