Կառավարությունը պետք է հայտնի, թե ինչու Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը չի ներկայացվել ԱԺ ընդունմանը․ Արկադի Սահակյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ այդ թվում դրա կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով 2019-2020 թվականներին` նախապես այն քննարկելով քաղաքացիական հասարակության դերակատարների հետ:

Իրավաբան․net-ը թեմայի շուրջ զրուցել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել կատարված աշխատանքների մասին:

Նրա կարծիքով՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքի նախագիծը 2019-2020 թվականներին կառավարության հաստատմանը և ԱԺ ընդունմանը չներկայացնելու պատճառը պետք է հայտնի կառավարությունը:

«Կա ընդունված ռազմավարություն, որով նախատեսված են որոշակի գործողություններ, որոնք պետք է կատարվեն, բայց չեն կատարվել: Մենք պետք է պարզենք, թե ինչու՞ չի արվել: Միգուցե այս ամենը չանելու համար օբյեկտիվ պատճառ կա, որի մասին մենք չգիտենք:

Կարծում եմ՝ առաջնահերթ կառավարությունը պետք է այս ամենին գնահատական տա, որից հետո արդեն մենք՝ որպես հակակոռուպցիոն կոալիցիա, կախված նրանց տված պատասխաններից և գնահատականներից՝ գնահատական տանք, թե արդյո՞ք հնարավոր էր այդ ժամանակահատվածում կատարել նման մասշտաբի աշխատանք: Իմ կարծիքով օբյեկտիվ կլինի, եթե մենք լսենք կառավարության հիմնավորումներն ու չարվածը արդարացնելու պատճառները»,- ասաց Արկադի Սահակյանը:

Նրա կարծիքով՝ ավելի շատ մասնագիտական պակաս կա և չկան այն մասնագետները, որոնք որ կզբաղվեն տվյալ հարցերով և այդ ամենին մասնագիտական պատասխան կտան:

Արկադի Սահակյանը նշում է, որ կառավարության անդամները չեն ցանկանում օգտագործել մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներուժը, որոնք կարող են ստանձնել այդ դերը՝ ուսումնասիրություններ կատարել, փաստարկներ հավաքել, զեկույցներ ներկայացնել՝ հեշտացնելով կառավարության աշխատանքը:

«Մյուս կողմից, այն լավ հնարավորություն կտա ցուցադրելու պետություն-մասնագիտական քաղացիական հասարակություն աշխատանքային դրական օրինակը, որը, ցավոք սրտի, այս պահին չկա»,- նշեց նա:

Անդրադառնալով հանձնաժողովի ստեղծման հավանականությանը՝ Սահակյանն ասաց. «Դա կամքի հարց է: Բոլորն էլ հասկանում են, որ խախտումներ եղել են մարդկանց իրավունքների և օրինական շահերի հետ կապված: Եթե այս մարդկանց իրավունքների վերկանգնումը համընկնում է պետական շահի հետ, հասարակության շահի հետ, բնականաբար, մենք պետք է ձգտենք նման հանձնաժողով ունենալ և այդ գործերը կրկին վերանայելու հնարավորություն»:

Հարցին, թե հանձնաժողովի գործունեության արդյունքում կվերականգնվե՞ն արդյոք 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումներից տուժած անձնանց իրավունքները, ինչպես նախատեսված է ռազմավարությամբ, Արկադի Սահակյանն ասաց. «Պետք է անալոգիա տանել միջազգային իրավունքի հետ: Այնտեղ նշվում է, որ եթե առանց քրեական գործ հարուցելու վնասները փոխհատուցելու հնարավորություն կա, ապա պետությունը պետք է ապահովի այդ հնարավորությունը: Սա պետական գույքը վերադարձնելու սկզբունքներից մեկն է: Կարծում եմ՝ այս պարագայում կարելի է կիրառել նաև այդ մեթոդը, չնայած մենք դեռ չգիտենք, թե այդ իրավունքների խախտումներն ինչով են պայմանավորված, եթե տվյալ իրավունքի խախտման հետևանքով անձը ապօրինի ազատությունից է զրկվել, կամ գույքն է ոչնչացվել, կամ առողջությանն է վնաս հասցվել: Այս պարագայում վնասը վերականգնել հնարավոր չէ, բայց գոնե փոխհատուցում տալ պետք է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել