Արդի փուլում դատական իշխանությունը հանրության վստահությունը վայելում է ավելի քիչ, քան որոշ ժամանակ առաջ․ Ռուզաննա Ազրոյան

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մեկնարկը ուներ ավելի անկախ և անաչառ դատական իշխանություն։  Այս մասին Իրավաբան․net-ի հետ հարցազրույցում նշել է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը՝ խոսելով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների, դրանց կատարման մասին։

Դատավորը չի կարծում, որ այժմ ՀՀ-ն ունի կառուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ․ «Անձամբ ես չեմ տեսնում, որ աշխատանքներ են տարվում դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման ուղղությամբ, միգուցե դրանք անզեն աչքով տեսանելի չեն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի աշխատանքներ պետք է տարվեն այդ ուղղությամբ, պարզապես նշեմ, որ դա մի ամբողջ գիտական թեզի թեմա է»։

Դատավորի խոսքով՝ դատական բարեփոխումների ռազմավարական ուղղությունը զարգանում է միջազգային չափանիշներին ճիշտ հակառակ․ «Չեն ներդրվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան հիմքեր և ընթացակարգեր, այլ եղած հիմքերն ու ընթացակարգերն անգամ ճիշտ չեն կիրառվում»,-նշում է նա:

Ազրոյանի խոսքով՝ ռազմավարության գործողություններով նախատեսված են նաև Դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգերի ներդրում, սակայն այդ ուղղությամբ կատարված քայլեր դատավորը չի տեսնում։

Ազրոյանը նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը կոռուպցիայի հաղթահարման նպատակին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջխաղացում չի տեսնում։ Խոսելով հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացման վերաբերյալ, նա նշեց․ «Ենթադրում եմ, որ արդի փուլում դատական իշխանությունը հանրության վստահությունը վայելում է ավելի քիչ, քան որոշ ժամանակ առաջ: Դա պայմանավորված է մի շարք գործոններով` իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչների վարքագծով, հարուցված անհիմն կարգապահական վարույթներով, գործերի ձեռագիր մակագրությունով և այլն: Իմ գնահատմամբ, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկվել, անձամբ ես` որպես դատական իշխանության ներկայացուցիչ, չեմ նկատել»:

Ազրոյանը, որպես վարչական դատարանի դատավոր, գործերի բաշխման, աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխության հետ կապված էական որևէ տարբերություն չի զգում․ «Ընդհակառակը` գործերի ձեռագիր բաշխումը առաջացրել է լուրջ խնդիրներ և հարցեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել