Մի շարք քաղաքացիներ մի քանի րոպեում առանց իրենց ցանկության դարձել են վարկառուներ․ «Իդրամ»-ի անվան տակ խաբեություն` Facebook-ում

Վերջին օրերին ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր տարբեր անձանցից նամակներ են ստանում, որտեղ նշում են, թե գովազդում են «Իդրամ» օնալյան դրամապապակը և իբր թե այժմ ակցիա է գործում, որից օգտվելու համար պետք է որոշ տվյալներ փոխանցել։

Նմանատիպ բովանդակության երկու նամակ ստացել է նաև Իրավաբան.net-ի լրագրողը։ Քանի որ այն կասկածելի առաջարկ էր, առաջին հերթին փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք բանկում ընդունված է ֆեյսբուքյան էջի միջոցով հնարավոր հաճախորդների հետ հաղորդակցվելու պրակտիկան։ Բանկի աշխատակիցներից մեկը հերքեց սա՝ նշելով, որ նման պրակտիկա չունեն և չեն էլ ունեցել։

Արդեն պարզ էր, որ ամենը խաբեություն է։

Պատասխանեցինք նրանց նամակներին։ Աղջիկներից մեկը պատասխանեց, մյուսը՝ ոչ։ Նշենք նաև, որ բացի նամակներ ուղարկելը, նրանից մեկը նաև ընկերության հայտ էր ուղարկել։ Առաջին տպավորությամբ նույնիսկ շահավետ առաջարկ է արվում, ակնհայտ ոչ մի վտանգավոր կոնտենտ չպարունակող պատասխաններով։

Հետաքրքիրն այն է, որ շատերը չեն ստուգում անգամ, թե ով է իրենց հայտ ուղարկողը, քանի որ հաճախ այս էջերը կասկածելի են լինում․ չեն ունենում նկարներ, լինելու դեպքում՝ այդքան էլ հավատ չեն ներշնչում դրանց իրական լինելու համար, էջերը գրանցված են լինում սոցցանցում օրեր, կամ ամիսներ առաջ և այլն։ Ամեն դեպքում, այս ներկայացված երկու օգտատերերի հետ Facebook-ում անգամ ընդհանուր «ընկերներ» գտնվեցին։

Facebook-ում մի քանի էջեր թերթելով տեսանք, որ այս երևույթի մասշտաբները բավական մեծ են։

Մի շարք օգտատերեր նշել էինք, որ այս խաբեության միջոցով իրենց տվայլներով վարկեր են ձևակերպել։ Նրանցից որոշները բավական մեծ թվեր էին նշում՝ ընդհուպ՝ 5 միլիոն դրամ։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուշադրությունն է հրավիրել խնդրի վրա՝ անդրադառնալով տուժած քաղաքացիներից մեկի հարցի պատասխանին այն մասին, որ ըստ բանկի անձնական տվյալների պաշտպանությունն առաջին հերթին հաճախորդի պարտականությունն է։

«Պետք է ասեմ, որ IDBank բանկում շատ թյուր պատկերացումներ ունեն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ(եթե դա Ֆեյսբուքի էջի վարողի կարծիքը չէ, իհարկե)։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վկա, որ օրենքը հենց մշակողի վրա է պատասխանատվության բեռի մասը դնում այս հարցում։ Քանի որ շատ դեպքերում անհատը պարզապես հնարավորութուն չունի իր անձնական տվյալները պաշտպանելու»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը։

Նշենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 19-րդ հոդվածի (Անձնական տվյալներ մշակելու անվտանգության ապահովման միջոցները և մշակողի պարտականությունները) 2-րդ և 3-րդ կետերում ասվում է․

Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է օգտագործել գաղտնագրման միջոցներ` անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար:

Մշակողը պարտավոր է կանխել անձնական տվյալների մշակման համապատասխան տեխնոլոգիաների մատչելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար և ապահովել, որ այդ համակարգերի օրինական օգտագործողի համար հասանելի լինեն միայն իր կողմից մշակման ենթակա տվյալները և այն տվյալները, որոնցից թույլատրված է օգտվել:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը արձագանքել է խնդրին՝ նշելով ֆեյսբուքյան այս մեկնաբանությունը ներկայացված է խորհրդատվություն տրամադրելու լիազորության շրջանակներում՝ Սամվել Մարտիրոսյանի հարցադրմանն ի պատասխան և որևէ կերպ օգտատիրոջ նկարագրած դեպքի իրավական գնահատական չէ: Իսկ օգտատիրոջ նկարագրած դեպքն ուսումնասիրվում է, և ըստ անհրաժեշտության օրենքով սահմանված կարգով կդիմեն տվյալներ մշակողներին, սակայն դա արգելք չէ IDBank-ի համար ըստ անհրաժեշտության աշխատանքային կարգով քննարկել օգտատիրոջ բարձրացրած խնդիրը գործակալության հետ:

Այսպիսով՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նշել է․

«Սեփական անձնական տվյալների նկատմամբ ուշադրությունը բնականաբար կարեւոր նախապայման է անձնական տվյալների պաշտպանությունն ընդհանրապես եւ անձնական տվյալների անվտանգությունը մասնավորապես ապահովելու համար:

Սակայն վերոնշյալը չի նշանակում, որ տվյալներ մշակողը չունի անձնական տվյալների անվտանգության ապահովման պարտականություններ:

Ավելին, մի կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը համադրելի դեպքում սահմանում է տվյալներ մշակողի պարտականություններ եւ տվյալների սուբյեկտի (օգտատիրոջ/հաճախորդի) իրավունքներ, մյուս կողմից, օրենքը հենց տվյալներ մշակողի վրա է դնում անձնական տվյալներն անօրինական միջամտությունից ապահովելու, տվյալների անվտանգության ապահովման պարտականությունը (տես՝ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը):

Ուստի նման բառակազմով («անձնական տվյալների պաշտպանությունն առաջին հերթին օգտատիրոջ/հաճախորդի պարտականությունն է») պնդումը խնդրահարույց է այնքանով, որքանով կմեկնաբանվի օրենքին ոչ համապատասխան»։

Ներկայացնում ենք նաև օգտատերերից մեկի ներկայացրած խնդրից մի հատված․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել