Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություներին մասնակցած, սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և մանդատների բաշխմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների 1314 կողմ ձայներ, ընտրողների ձայների 3,97 տոկոսը) հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու հայցով, որի պատճառով չեն կայացել և հետաձգվել են համայնքի ղեկավարի ընտրությունները:
ՀՀ վարչական դատարանի 2021թ. դեկտեմբերի 21-ի վճռով հայցը մերժվել է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ավագանում նիստին նախորդող օրը՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալու, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը, պահանջների մասին:
Հայցադիմումը դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 24-ին ընդունվել է վարույթ, հայցվորը միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովում, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, դատարանի 2021թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է՝ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով կայացված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վերոհիշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 23.12.2021թ. դատարան ներկայացված հայցի համար որպես հիմք հայցվորը նշել է վերոհիշյալ վճիռը բողոքարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հիմքով՝ քանի որ բողոքարկել է վճիռը, միջնորդել է կիրառել հայցի ապահովում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ կապված վարույթի հարցի լուծման վերջնաժամկետ է համարվում 07.01.2022թ.-ը:
Վերոհիշյալ դատական գործընթացների արդյունքում 24.12.2021թ. հրավիրված ավագանու նիստը չի կայացել:
Այսպիսով, 2022 թվականի հունվարի 7-ին Վերաքննիչ վարչական դատարանը հրապարակել է որոշումը, որով մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Սահմանված է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում ստանալու պահից 5 օր հետո և նույն ժամկետում էլ կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։
Որոշումը ստորագրել է դատական նիստը նախագահած դատավոր Արթուր Պողոսյանը, դատավորներ Ռուստամ Մախմուդյանը, Կարեն Մաթևոսյանը։
———
Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
- «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
- «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
- «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:
———
ՏԻՄ ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։