Դատախազությունը ԱԱԾ է ուղարկել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութերը

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ մամուլում հրապարակված տեսանյութերը։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մամուլում հրապարակված նյութերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն, այնտեղ Քրեական դատավարության օրենսգրքի 180 (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) և 181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները)  հոդվածներով սահմանված կարգով նյութեր պատրաստելու հանձնարարությամբ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության տղաներին քաշել են մի կողմ ու ծեծել, հայհոյել։

«Ես գնում էի մեր աշխատասենյակ, ես ջարդուփշուրի ձայներ եմ լսում, հասկանում եմ, որ մեր տղաներն էնտեղ պետք է լինեին, վազում եմ, տեսնում եմ իրենք, տղամարդուն վայել իրենց վիճակով մեր տղաների հետ իբրև թե խոսակցության են եղել սենյակում, հավաքվել են ծեծել են տղաներին։ Ես մենակ ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանն այնտեղ էր, որ ճանապարհին տեսա։ Ես վազեցի, որովհետև ես մենակ էի, մեր տղաներին ծեծում էին։ Ոչ մեկ ոչ մի բանով չի զբաղվում, ոչ մեկ ոչ մի բան չի անում, եթե ես չխնդրեի իմ ընկերուհուն, որ գնա մեր տղաներին կանչի, Տարոնին՝ մեր ուսանողական միության վարչության ատենապետին, առանձին քաշել էին․․․»,-ասաց ԱԺ փոխխոսնակի օգնականը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց․ «Պատկերացրեք, այդ երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ 20 հոգի, դրանց մեջ մի շարք պատգամավորներ ու սկսում են հարվածել տղաներին։ Սրա անունը ի՞նչ դնեմ՝ խուլիգանություն»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ընդհուպ մինչև դռան հետևում կանգնած նրանց սպասելիս են եղել ու սինխրոնիզացված կատարել այդ գործողությունները։ Արամ Վարդևանյանի խոսքով՝ այնպես էլ չի, որ կարողացել են ծեծել նրանց։ Պատգամավորը նշեց, որ ցավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել