«Առողջությունը ամենաբարձր արժեքը պետք է լինի մեր երկրում»․ Խաչատուր Բադալյան՝ կյանքեր փրկող բժիշկը

«Առողջությունը ամենաբարձր արժեքը պետք է լինի Հայաստանում»․ այս համոզմանն է Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը։ 

Իրավաբան․net-ը պրոֆեսորի հետ խոսել է օնկոլոգիայի, բարդ վիրահատությունների, հանրային առողջապահության, պալիատիվ ծառայության, ապագայի հնարավորությունների մասին։ Նրա պացիենտները պատմում են, թե ինչ կերպով է բժիշկն օգնել ու փրկել իրենց, իրենց հարազատի կյանքը։

Խաչատուր Բադալյանը որպես բժիշկ իր կրթությունը սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնուհետև 1994 թվականին տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, կրթությունը շարունակելով Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, բժշկական տնտեսագիտական համալսարանում։ Աշխատանք է ծավալել օնկոլոգիայի ոլորտում, կատարել բարդ վիրահատություններ։ Մինչև 2018 թվականը եղել է Մոսկվայի 68 հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո մեծ նպատակներով տեղափոխվել է Հայաստան։

Խաչատուր Բադալյանը՝ օնկոլոգիայի մասին

-Դուք օնկոլոգիայի ոլորտում մասնագիտացել եք հատկապես լյարդի, ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաների մասով, գիտական թեզը պաշտպանել այս թեմայով։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ոլորտում, հիմնական խնդիրը, որը Հայաստանում կա այս պահին, ո՞րն է։

-Շատ ծանր պաթոլոգիա է։ Ես առաջին օրվանից հենց օնկոլոգիայի ինստիտուտում զբաղվել եմ լյարդի, ենթաստամոքսային ուռուցքների բաժանմունքում, որն իմ համար, կարելի է ասել, կազուիստիկա էր, Հայաստանում նմանատիպ բաժանմունք ընդհանրապես չկար։ Երբ ես օրդինատուրա ընդունվեցի ու ինձ ասացին, որ հնարավոր է այդ բաժանմունքում անցնել աշխատանքի՝ իմ համար ինչ-որ հայտնություն էր։

Հաճախ հրավիրվել եմ Հայաստան՝ տարբեր տիպի հիվանդների, տարբեր պաթոլոգիաների հետ կապված ու հիմնականում լյարդի, ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաներով հիվանդներին օգնության, վիրահատության, բուժման համար։ Կարելի է ասել՝ այդ փորձը, որը ես տեսել եմ Մոսկվայում, միանշանակ Հայաստանում համեմատ շատ սակավ է ու շատ քիչ հիվանդանոցներ կան, որ զբաղվում են այդ պաթոլոգիաներով։ Հայաստանը շատ-շատ տեղ ունի զարգանալու։

-Բժիշկները միշտ խոսում են ավելի շատ կանխարգելման, քան հենց բուն բուժման մասին։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում սա, որպես մասնագետ։ Դուք ամեն օր առնչվում եք այս հիվանդների, խնդիրը կրողների հետ։ Ե՞րբ կարող էին քաղաքացիները, Ձեր պացիենտները հայտնաբերել ու խուսափել վատթարագույնից։ Կանխարգելման ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որոնք չեն արվում հիմա։

-Կանխարգելումը շատ կարևոր էտապ է։ Երբեմն մարդիկ օնկոլոգիան ընդունում են որպես մեղադրանք, կատարած ինչ-որ սխալի համար, ճակատագրի կողմից, Աստծո կողմից, բայց այդ մոտեցումը սխալ է։ Ցավոք, մենք չունեք ժամանակակից մոտեցում և՛ կանխարգելման, և՛ սկզբնական էտապում օնկոլոգիայի հայտնաբերման ու մնացած քայլերի համար։ Իմ կարծիքով՝ առաջնահերթ հարցը նրա մեջ է, թե մարդ ինչքան պատասխանատու վերաբերմունք ունի իր առողջության նկատմամբ։ Այդ պատասխանատվության մի քանի էտապները՝ մարդու վերաբերմունքն իր առողջությանը, առաջնային բժշկական օղակի պատասխանատու վերաբերմունքը՝ դիագնոզը ճիշտ դնելու, հաստատելու, երկրորդ, երրորդ էտապը, երբ արդեն գնում է ստացիոնար բուժման, թե ինչքանով է բժիշկը պատասխանատու վերաբերմունք ու ճիշտ մոտեցում ցույց տալիս հիվանդին։ Եվ շատ կարևոր հարց է, երբ շատ պատասխանատու և ի սրտե պատրաստ վերաբերմունք է տրվում հարազատներից հիվանդի նկատմամբ։ Եթե այս էտապները ճիշտ ժամանակին ու ճիշտ արվում է, իմ կարծիքով, օնկոլոգիան հեշտ բուժվող ու հաղթահարվող դիագնոզ է։ Ես ամեն անգամ ցավով եմ գնահատում այն իրավիճակները, երբ մեր որոշ մասնագետներ ոչ ճիշտ մասնագիտական մոտեցման հետևանքով թողնում են պրոցեսը զարգանա։

Օնկոլոգիայի դիագնոզից հետո այստեղ շատ է ընդունված ասել՝ բուժում չկա ու ցավալի է, որ մարդիկ, չունենալով ծանր դեպքերի բուժման փորձը, դնում են արդեն ոչ վիրահատական, ոչ բուժման վիճակ ու մարդկանց ուղարկում տուն՝ ասելով կամ հիմնավորելով, թե անհրաժեշտություն չկա, ծախսերի հետ է կապված․․․ Չեն ասում, որ եթե ինքը չի անում, կամ այստեղ չի արվում, միգուցե ուրիշ տեղ է արվում։ Պետք չէ մտածել, որ դրանով ինքը նսեմացնում կամ ցածրացնում է իր մասնագիտական մոտեցումը։

-Պարոն Բադալյան, Դուք նաև բարդ, ռիսկային վիրահատություններ եք կատարում, դրանցով բազմաթիվ մարդկանց կյանքեր եք փրկում։ Ո՞նց է ստացվում, ո՞նց եք կարողանում Ձեր թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական վախը մի կողմ դնել նման որոշումներ կայացնելիս։ 

-Երևի թե կյանքի փորձից ելնելով, կարելի է ասել տարիների ընթացքում ձևավորվում է որոշակի մասնագիտական մոտեցում, վախն արդեն անցնում է հետին պլան և ձգտումը, ցանկությունը օգնել մարդուն այդ պահին․․․ Ես միշտ պատկերացնում եմ, որ պատերազմի դաշտում թշնամու հետ գործ ունեմ ու երբ ընթացիկ բարդություններ են առաջանում, պատերազմական, երբ պետք է ռազմավարական որոշում կայացնել՝ ինչ ձևով մոտենալ, որն է թշնամու թույլ տեղը ու այդ որոշումը միշտ լինում է անհատական։ Ցավոք, ոչ մի գրականության մեջ չկա մոտեցման ճիշտ ձևակերպումներ ու թե ինչ պետք է անել, որ այդ ամենը ճիշտ ձևով լինի։ Ամեն անգամ չի ստացվում այդ բարդ վիճակներից հաղթանակով դուրս գալ, բայց աշխատում եմ առավելագույնն ամեն ինչ անել հնարավորության դեպքում հաղթանակն ապահովելու համար։

Խաչատուր Բադալյանը՝ պալիատիվ ծառայության մասին

-Ցավոք, բայց հաճախ լինում են դեպքեր, երբ պացիենտը պալիատիվ օգնության կարիք է ունենում։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե առհասարակ ինչ է պալիատիվ բուժօգնությունն ու Հայաստանում այն զարգացվածության ինչ աստիճան ունի։

-Ես Մոսկվայում վերջին մոտ 6 տարվա ընթացքում զբաղվել եմ պալիատիվ ծառայությամբ՝ և՛ կազմակերպման հարցերով, և՛ ծառայության առանձին ուղղությունները զարգացնելով։ Ասեմ, որ Ռուսաստանում էլ վերջին տարիներին նոր-նոր ծաղկում է ապրել ու զարգացել պալիատիվ ծառայությունը։ Ցավոք, ընդունված կարծրատիպ է դարձել, որ միշտ օնկոլոգիական հիվանդներին են ընդունում պալիատիվ, բայց դա այդպես չէ։ Աշխարհում ընդունված է, որ պալիատիվ ծառայությունն ուղղված է բոլոր ոչ բուժական կամ ինկուրաբիլ հիվանդներին, անկախ պաթոլոգիայից։

Պալիատիվ ծառայության ամենաթերի ու բաց հատվածը դրա ուղղություններից մեկն է՝ ցավազրկման հարցը։ Ես կարող եմ ասել, որ անկախ այն խոսքերից, որ ասում են՝ մենք եվրոպական նորմերով ունենք ընդունված հրամաններ ու պալիատիվ ծառայությունը շատ բարձր մակարդակի վրա է՝ լոզունգներ են։ Ես ամենօրյա ռեժիմով տեսնում էի, որ այն հիվանդները, որոնք ցավազրկման կարիք ունեին՝ չէին ստանում դրանք, որովհետև բժիշկները վախենում են ադեկվատ ցավազրկում նշանակել, որոնց համար պարտադիր պետք է օնկոլոգի ներկայությունն ու անպայման օնկոլոգը պետք է նշանակի, ինչը նորից սխալ է։

Պալիատիվ ծառայության մեջ մեծ ուղղություն է նաև սոցիալական ուղղությունը, երբ օգնության ձեռք ենք մեկնում մարդկանց, որովհետև երկարատև բուժումներից հետո մարդիկ հիասթափություն են ապրում թե՛ բժիշկներից, թե՛ բժշկությունից ու մեծ մասամբ ֆինանսական շատ ծանր վիճակում են լինում։

Պալիատիվ հիվանդները հուսահատված, հիասփաթված, հուսալքված հիվանդներ են, որոնք արդեն հավատը կորցրել են հիվանդության, կյանքի նկատմամբ և շատ դժվար է այդ հիվանդների հետ շփվել, այդ հիվանդների հետ կոնտակտի մտնել։ Իմիջիայլոց ոչ բոլոր հոգեբանները կարող են այդ ուղղությունն ապահովել, դրանք առանձին հոգեբաններ են, որ զբաղվում են պալիատիվ հիվանդներով։

Խաչատուր Բադալյանը՝ հանրային առողջապահության մասին

-Խոսենք նաև Հայաստանում հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրների մասին։

-Այս ընթացքում, ինչ տեղափոխվել եմ Հայաստան, բախվել եմ մի քանի կարևոր հարցերի։ Առաջինն օնկոլոգիական ծառայության որակի մասին է, որովեհտև ես տեսնում եմ օնկոլոգիայի բուժման լիցենզիա ունեցող շատ հիմնարկներ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական մակարդակ։ Այսինքն, եթե մենք չենք լիցենզավորում գործունեությունը կամ կոնկրետ ուղղությունները, որոնք պարտադրում են գիտելիքների որոշակի մակարդակ՝ տալով ընդհանուր լիցենզիա որևէ բուժում անցկացնելու համար, մենք բերում ենք նրան, որ մարդիկ՝ դիմելով բժշկին, չեն ստանում համապատասխան բուժում։ Շատ ժամանակ հիվանդները գալիս են արդեն մերժված, համապատասխան վիճակը ճիշտ չգնահատելով ասված, որ բուժում հնարավոր չէ։ Եթե բուժումը հնարավոր չէ, ապա մարդն ինչ է անելու, որտեղ է դիմելու կամ հիասփաթված գնում է տուն, խաչ քաշում իր ճակատագրի, կյանքի վրա, կամ փորձում ճանապարհներ գտնել։ Այն մարդիկ, որ փորձում են ճանապարհներ գտնել, երբեմն իրոք գտնում են։ Ու դա շատ ցավալի է, որ 21-րդ դարում, եթե հնարավոր է որևէ պաթոլոգիա բուժել, մարդիկ բժշկի կողմից ստանում են պատասխան՝ հնարավոր չէ։ Դա սխալ է, առողջապահության կազմակերպման թերություն է։ Բժշկությունը չի ամփոփվում մի մարդով, բժշկությունը կոլեգիալ և կոլեկտիվ գործունեություն է։

Խաչատուր Բադալյանի ապագայի տեսլականը

-Ես գիտեմ, որ դուք կեսնպատակ, կեսերազանք ունեք, որ Հայաստանում հիմնադրեք բժշկական միջազգային կենտրոն։ Ի՞նչ պլաններ ունեք, որքանո՞վ է սա իրատեսական և արդյո՞ք հնարավոր եք համարում, որ մոտ ապագայում սա կյանքի կկոչվի։ 

-Ես տեսնում եմ մեծ ապագա այդ ուղղությամբ, որովհետև Հայաստանը՝ ունենալով փորձված մասնագետների մեծ քանակ, բայց չունենալով ճիշտ կազմակերպված ու ճիշտ պայմաններ, որտեղ այդ մասնագետներին կարող են ռեալիզացնել այդտեղ։ Կա մեծ ապագա․ ես պատկերացնում եմ, որ այդ առաջատար մասնագետներին, ընդգրկելով նաև արտասահմանի մեր հայրենակիցներին, մասնագետներին, ստեղծել միջազգային կենտրոն, որտեղ կարող է ցանկացած հիվանդ արտասահմանից գալ, բուժվել այստեղ, որովհետև գնային տեսակետից էլ շատ ավելի գրավիչ կլինի ու նաև տարածքային տեսակետից։ Իմ կարծիքով բժշկական տուրիզմի համար շատ առաջատար պայմաններ են։ Ես հնարավոր եմ համարում նաև համագործակցությունը արաբական երկրների հետ, որովհետև մեծ հարգանք ու գնահատական են վայելում հայ բժիշկները արաբների մոտ, իսկ այդ երկրներից Հայաստան մեկնելը հեշտ է, շատ կարճ ժամանակում կարող են հասնել ու շատ հարմար է։ Նախնական քննարկումները բերել են այն համոզման, որ բժշկական տուրիզմի համար ապագան շատ մեծ է։ Հիմա, ներկա ժամանակում էլ կան ուղղություններ, որ զարգանում են՝ ստոմատոլոգիան, պլաստիկ վիրաբուժությունը։

Կոչ եմ անում նախարարությանը և այն պաշտոնյաներին, որոնք կարող են որոշակի փոփոխություն մտցնել ու իմ ասած թեմաների հետ կապված փոփոխություններ կատարել, ավելի ակտիվ գործունեության ներգրավվեն, խոսքերից ու քննարկումներից անցնեն գործի, որովհետև հիմա բժշկության մեջ շատ կարևոր ու անկյունաքարային քայլեր է պետք անել, որովհետև բժշկությունը պետք է զարգացնել, պետք է առաջ տանել ու ունենալով պոտենցիալ՝ ներկա բժիշկների առումով, մենք չունենք համապատասխան մակարդակով բժշկական հիմնարկներ, որոնք կարող են 21-րդ դարին համապատասխան բժշկական օգնություն ցույց տալ։

Ես հիասթափված չեմ, վերադառնալով Հայաստան ես չեմ փոշմանել, ու չեմ ցանկանում հետ վերադառնալ, պատրաստ եմ պայքարի, պատրաստ եմ առաջ գնալու ու ինձնից կախված ամեն քայլ անել ու իմ ասած լոզունգը՝ հայի առողջությունը ամենաբարձր արժեքն է մեր երկրում, իրականացնել կյանքում։

Մանրամասները տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել