«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա):
Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:
Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:
Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու….. համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:
Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:
Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»: