«Փորձում ենք այս քայլերով պահպանել մեր հայ լինելը»․ Ալինա Վարդանյանը՝ Ֆրանսիայից Հայաստան բարեգործության ու «Փյունիկի» մասին

«44-օրյա պատերազմից հետ, ինչպես բոլոր հայրեը, մենք էլ մեր պարտքը համարեցինք, որ ինչ-որ մի բանով կարողանանք օգնել մեր փոքր Հայաստանին»,-այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Ալինա Վարդանյանը։

Նա  2005 թվականից բնակվում է Ֆրանսիայում, «Amitie հայ-ֆրանսիական» հասարակական կազմակերպության նախագահն է։

«Իմ փոքրիկ ընտանիքով կազմակերպեցինք ապրանքների հավաքագրում։ Խնդրեցինք նաև, որ եկեղեցին օգնի և բոլոր հայերը, նույնիսկ ավելի շատ ֆրանսիացիները որոշեցին մեզ օգնել։ Տարբեր ասոցիացիաների միջոցով 3 անգամ մեծ քանակով բեռներ ուղարկեցինք։

Պատերազմի հենց ընթացքում Ֆրանսիան ինքնաթիռ էր տրամադրել, որ բեռները կարողանանք բերել։ Առաջնագծում զինվորներն ասում էին, թե ինչի կարիք ունեն, բայց մենք չէինք իմանում այստեղ ուր է հասնում այդ օգնությունը, դրա համար որոշեցի ուղարկել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն։ Ծանրոցները, որոնց մեջ բժշկական ապրանքներ էին, սայլակներ, մահճակալներ, հենակներ, քայլակներ միանգամից ուղարկեցինք «Փյունիկ»»,-հիշում է նա։

Ալինա Վարդանյանը պատմում է, որ ուսանողական տարիներից «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունում որպես կամավոր է աշխատել։ Նա նշում է, որ «Փյունիկը» իր համար հարազատ տան նման է։

«Ֆրանսիայում մի անձնավորություն կա՝ Օլլիվիեր Տամանյոն, ով ազգությամբ ֆրանսիացի է, նա որոշեց մեզ օգնել։ Մեծ կենտրոնի ղեկավար է և Ֆրանսիայում ծերանոցների համար նման ապրանքներ է վաճառում, որ բացատրեցինք, թե Հայաստանում ինչ է կատարվում՝ որոշեց աջակցել»,-նշում է Ալինա Վարդանյանը։

Նա նաև ասաց, որ հավելյալ դժվարություններից խուսափելու համար չեն աշխատում Կառավարության հետ, քանի որ ֆունկցիոնալության խախտում ունեցող անձինք դժվարությամբ են ստանում իրեց համար անհրաժեշտ պարագաները․ ««Փյունիկում» մարդը գալիս է մի փոքր թուղթ է լրացնում կամ մենք ենք իր փոխարեն լրացնում, անվճար վերցնում գնում է, եթե մարդը տեղաշարժման խնդիր ունի մեր կամավորներն են գնում իրենց տուն»։

Ֆրանսիահայ բարերարը պատմում է, որ իրենք օգնում են, ոչ միայն պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, այլ բոլոր կարիքն ունեցող անձանց։ Նաև օգնություն են տրամադրում բժշկական կենտրոններին։ Նա նշում է, որ վերջին անգամ օգնություն են տրամադրել «Հրազդան» ԲԿ-ին։

«Հիմա 2 մեծ չափաքանակով ծանրոցներ կան, որ պատրաստվում ենք ուղարկել։ Սպասում ենք գումար հայթայթել ճանապարհների ծախսերի համար»,-ասում է Ալինա Վարդանյանը։

Գովազդի համար ոչինչ չի արվում։ Նրա խոսքով՝ աշխատանքը կատարվում է հոգու պահանջով․ «Որ իմանանք ինչ-որ մի փոքրիկ լումա ունենք մեր փոքրիկ հայրենիքի համար։ Մեզ մեր ֆեյսբուքյան էջում են գրում, երբ ստանում են օգնությունը, նորից գրում են, շնորհակալություն են հայտնում, դա հաճելի է»։

Հիմա փորձում են օգնել ողնաշարի խնդիրներ ունեցող զինծառայողներին՝ հիվանդանոցից հետո բուժումները շարունակելու հարցում։

«Անգամ ֆրանսիացի բարերարները մեզ են դիմում, որպեսզի մեր միջոցով օգնություն ուղարկեն Հայաստանին։ Լինում են դեպքեր, երբ ցանկություն են հայտնում հայերեն սովորել, որ անձամբ կապ հաստատեն Հայաստանի հետ։

«Փորձում ենք այս քայլերով պահպանենք մեր հայ լինելը, որ չկորչենք, որ այս մասին չմտածենք հայ չենք մնա»,-եզրափակեց Ալինա Վարդանյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել