Ադրբեջանական մաքսակետի պատճառով Բարձրավանի ուսուցիչներն աշխատանքի չեն գնացել․ պարզաբանում է համայնքապետը

Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի դպրոցի ուսուցիչները չեն կարողացել Գորիսից հասնել դպրոց և իրականացնել դասապրոցեսը։

Այս մասին լուրն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։

«Ինչքան գիտեմ 3, թե 4 ուսուցիչ ունենք չեն եկել, դպրոցի տնօրենը ևս չի եկել աշխատանքի։ Դպրոցում սովորում է 5 աշակերտ։

Ես այս հարցը շատ շուտվանից եմ բարձրաձայնել, բայց հաշվի չէին առնում։ Նախկին մարզպետներ Վահե Հակոբյանին, Հունան Պողոսյանին բարձրաձայնել եմ, որ այդ ուսուցիչները մեզ ձեռք չեն տալիս, մեր գյուղում ունենք մասնագետներ, կադրերը թող լինեն տեղում, որպեսզի տեղի մասնագետներին վատ, թե լավ օգտագործենք, նաև ավելորդ վճարումներ չենք անի»,-նշեց համայնքապետը։

Հարցին՝ արդյո՞ք իրեն տեղյակ պահել են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է այդ հատվածում մաքսային անցակետեր տեղադրել համայնքապետն ասաց, որ չեն զգուշացրել։

«Բայց ես դա կանխատեսում էի, զգում էի, որ մի օր էլ կլինի դա։ Իրանցիների նկատմամբ կիրառված մեթոդները, բնական էր, որ մի օր էլ դա մեզ համար է լինելու։ Մարդ մի քիչ խելքից պակաս պիտի լիներ, որ չկանխատեսեր դա։ Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհ են փորձում սարքեն, գրունտային ճանապարհ կա»,-նշեց Օնիկ Ավագյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել