«Մերս, ես էլ քոնը չեմ, Էրգրինս եմ, Էրգրինս»․ կամավորական Աժդահակ Կիրակոսյանը ծնվել և անմահացել է նոյեմբերի 3-ին

«Մերս, ես էլ քոնը չեմ, Էրգրինս եմ, Էրգրինս»։

Աժդահակ Զավենի Կիրակոսյանը 2 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ծառայել է Որոտանի շրջանում։

Մոր հետ խոսելիս, երբ մայրն ասել է՝ տղես, նա մորը պատասխանել է վերը նշված խոսքերով, որոնք այսօր թևավոր խոսքեր են դարձել նրա շրջապատի ու հարազատների համար։

Քույրը՝ Արուս Կիրակոսյանը, պատմում է, որ եղբայրը, կարելի է ասել՝ 3 անգամ է կամավորագրվել արցախյան պատերազմներին։ Ապրիլյանի ժամանակ, երբ 2 ամսվա զինծառայող է եղել, մի քանի զինակիցների հետ կամավորագրվել է, որ մասնակցի մարտերին։ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրը կամավորագրվել է, նրան որպես վարորդ են տարել, սակայն իր դիմումի համաձայն Շուշի է մեկնել, որպես հրաձիգ։

«Երբ կամավորագրվում է և տեսնում, որ առաջնագիծ չի մեկնում, այլ վիրավորների տեղափոխությամբ է զբաղվում, անմիջապես այս դիմումն է գրում։

Դիմումի պատասխանը մի երկու օր ձգձգում են, այնտեղից գալիս է զինկոմիսարիատ, հարցնում՝ ի՞նչ եղավ դիմումիս պատասխանը, ինչո՞ւ չեք կանչում, տանեք առաջնագիծ, իսկ վարորդ էին ուղարկել, որովհետև ինքը սովորել էր ԴՕՍԱՖ-ում, ծառայության ժամանակ կրտսեր սերժանտ էր։ Իրեն, եթե չեմ սխալվում, 131 համարի ԶԻԼ-ն էր կցված, որով էլ ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին կամավոր զինամթերք է հասցրել կռվի թեժ կետեր, բազմիցս փրկվել, անգամ այն դեպքում, երբ թշնամու ԱԹՍ-ն ֆիքսել է իր մեքենան ու 27 գրադ է ուղղված եղել իր վրա․ հրաշքով ողջ է մնացել։ Դրանից հետո ասում էր՝ արճիճ եմ ես, ինձ սենց նիհար մի նայեք»,-պատմում է Արուսը։

Եռաբլուր Աժդահակի երկնային ծունունդը շնորհավորելու էր եկել նրա նրա մարտական ընկերը՝ Սպարտակ Ծատուրյանը։

«Խնդիր կատարելու էինք գնում, ճանապարհին ընկանք շրջափակման մեջ»,-պատմեց նա։ Իր խոսքով՝ իրենք մի քանի օր են իրար ճանաչել, Արմավիրից միասին մեկնել են Շուշի։

Աժդահակն ընտանիքում 4-րդ երեխան է եղել, 3 քույրերից հետո։

«Նա լուսավորեց մեր ընտանիքը։ Յուրահատուկ էր ամեն ինչով, անչափ բարի էր, ուներ բարձր ազգային արժանապատվություն։ Զտարյուն հայ լինելը նրա գենի մեջ էր»,-պատմում է ավագ քույրը՝ Անժելա Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ երբ սկսվել է պատերազմը, եղբայրը եկել է տուն, վերցրել զինվորական գրքույկը, իսկ ընտանիքի անդամներին ասել, որ գնում է աշխատանքի։

«Սեր և հայրենիք բառերը միասին Աժդահակի մասին էր»,-ասում է ավագ քույրը։

Հայրենասեր կամավորականի սիրելի երգը եղել է «Պատերազմ եք գնում, բարով գնացեք», իր դհոլով պարբերաբար կատարել է այդ երգը։

Մեկնելուց առաջ ասել է, միևնույն է գնալու եմ, չներվայնացնեք, հիսուն-հիսուն է կամ կգամ կամ ոչ։

«Մի տարի առաջ այս օրը, անշուք, բայց ավելի հիշարժան նշեցինք Աժդահակի ծնունդը, մոմի փոխարեն վառոդ են վառել տղաները»,-ասաց Սպարտակը։

Ընկերը պատմում է, որ ծնունդը շնորհավորելուց մի քանի ժամ անց ընկել են շրջափակաման մեջ։

«Նա շատ էր հավատում Աստծուն, գիտեր, որ եթե իր կյանքը մարտի դաշտում վերջանա, դա ավարտ չէ»,- պատմում է ընկերը՝ Նարեկ Այվազյանը։

Նրա խոսքով՝ Աժդահակի կյանքի գաղափարն է եղել՝ սիրել և հոգ տանել մարդկանց, երկրի վրա լինել լավ մարդ։

«Երբեք չէր բողոքում, չէր նեղվում, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Վերջին անգամվա զանգը եղել է իր ծննդյան օրը։ Շատ ենք խոսել մարտական ընկերների հետ, պատերազմ էր, ինքն էլ իր կյանքի գնով պահեց, որ ապրեն իր գաղափարներով ու սկզբունքներով»,-նշում է նա։

Քանի որ Աժդահակը ջոկի հրամանատար է եղել, նրան ընդգրկել են արագ արձագանքման 23 հոգանոց ջոկատում, որ գնային թեժ կետեր։

«Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կազմավորվում է արագ արձագանքաման վաշտը։ Ընկերների պատմելով՝ թշնամին արդեն իսկ դարանակալած է լինում, իսկ իրենք տեղյակ չեն լինում, ընկնում են շրջափակման մեջ և վիրավորում ստանում են մեքենաների մեջ»,-պատմում է քույրը։

Նրա խոսքով՝ Աժդահակը վիրավորի վիճակում պահել է թշնամու կրակահերթը, որպեսզի ընկերները կարողանան նահանջել։

«Ցավալին այն է, որ Շուշիից ռազմական օգնություն չի հասել, շտապ օգնության մեքենան էլ ճանապարհին պայթեցրել են»,-ասում է Անժելա Կիրակոսյանը։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի կերպարվեստ բաժնում էր սովորում Աժդահակը։ Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, բայց հավերժ մնաց հայրենիքի կամավորական Աժդոն։ Իր վերջին նկարը եղել է հրեշտակի պատկեր։

Լուսանկարում՝ Աժդահակ Կիրակոսյանի մայրը՝ Վալյա Մալխասյան

Աժդահակ Կիրակոսյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 3-ին, զոհվել՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար 2021 թվականի հունիսի 7-ին աշխարհազորային Աժդահակ Զավենի Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հասմիկ Սարգսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել