Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կպահի խոստումը և հայրենիք կվերադառնա մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ վրաց ժողովրդի աջակցության դեպքում: Նա չի վախենում ձերբակալությունից, հայտնում է Aliq.ge-ն։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Վրաստանում սկսվեց շարժում` Սաակաշվիլիի` խաղաղ վերադարձի համար: Շարժման հիմնադիր, ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Թակո Չարկվիանին ասել է, որ մեկ շաբաթում հարթակում գրանցվել է ավելի քան 41,000 մարդ:
«Միշան ունի երկու ձեռք, երկու ոտք և մեկ բերան: Եվ այս բերանը մի երկու րոպեից կփակվի, եթե վրաց ժողովուրդը չշարժվի, և ոչնչով չօգնի Միշային: Մեզ մի քանի օր է մնում` գործելու համար», — ասել է Չարկվիանին:
Սաակաշվիլին ներկայումս Վրաստանի քաղաքացի չէ. նա ավտոմատ կերպով կորցրեց քաղաքացիությունը, երբ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալիս խախտեց երկքաղաքացիություն ստանալու կարգը: Սաակաշվիլիի հեռանալուց հետո «Վրացական երազանքի» կառավարությունը նրան մեղադրեց մի շարք հանցագործությունների մեջ` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ: