ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, իրավագիտության զարգացման և իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի նախագահ, Հայռուսական համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»։
Ձեզ ենք ներկայացնու նրա կենսագրությունը․
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թվականին՝ Երևան քաղաքում:
Կրթություն
1993 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը։
1998 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
2001 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:
2010 թվականին նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 17-ի որոշմամբ Լ․Թադևոսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
Աշխատանքային փորձ
1998 թվականից մինչև 2012 թվականի հունիս ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում․
12.1998թ. մինչև 01.1999թ. – Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,
01.1999թ. մինչև 04.2001թ. – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,
04.2001թ. մինչև 11.2004թ. – նույն դատախազության ավագ քննիչ,
11.2004թ. մինչև 05.2006թ. – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական,
05.2006թ. մինչև 11.2007թ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,
11.2007թ. մինչև 10.2011թ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
10.2011թ. մինչև 30.06.2012թ. – նույն վարչության ավագ դատախազ:
Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտամեթոդական խորհրդի անդամ:
1998 թվականից, համատեղության կարգով, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում։
Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:
Լ․Թադևոսյանը հանդիսանում է Երևանի պետական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի և Հայ-ռուսական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ։
Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:
2012 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2016 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ:
Այլ տեղեկություններ
Լ․Թադևոսյանը հեղինակ է 70-ից ավել գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ 6 մենագրության։ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում հրատարակված՝ քրեական իրավունքի դասագրքի համահեղինակ է:
2003 թվականին վերապատրաստվել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005 թվականին` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան դպրոցում, ստացել համապատասխան հավաստագրեր: Մասնակցել է փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների, բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հունգարիա, Եգիպտոս, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չեխիա, Գերմանիա):
2007 թվականին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։
Դատախազության մարմիններում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2012 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով, բազմիցս պարգևատրվել և խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով։
Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2020 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։