Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցութային խորհուրդը օգոստոսի 18-ին ընդունել է ՄԽ-Ո-08 որոշումը, որով ներկայացրել է ԿԿՀ անդամի թեկնածուի հարցազրույցի փուլ անցած անձանց անունները։
Հարկ է նշել, որ այս որոշումը լեգիտիմ չէ, քանի որ խորհրդի երկու անդամների հետ կապված խնդիր է առկա իրավական և բարեվարքության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ մրցութային խորհրդի անդամներն էին
2021 թվականի փետրվարի 19-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված կարգադրության համաձայն, հաստատվել է ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի անհատական կազմը, որում էին
1․ Լիանա Ղալթաղչյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2․ Հերիքնազ Տիգրանյան – Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
3․ Միքայել Խաչատրյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
4․ Իրինա Փիլոյան – ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան:
Կարգադրության համաձայն 5-րդ անդամը, որն առաջադրվել էր ԲԴԽ-ի կողմից, Նարեկ Գաբրիելյանն էր։ Նա ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 8-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ինչով պայմանավորված էլ ապրիլի 14-ին նրա խորհրդի անդամ լինելու մասին կարգադրության համապատասխան կետը ուժը կորցված է ճանաչվել։ ԲԴԽ-ի անդամի թափուր մնացածը տեղը դեռևս չի լրացվել, և փաստացի Մրցութային խորհուրդը գործում է 4 հոգանոց կազմով։
Այս մասին առավել մանրամասն անդրադարձել ենք «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը» հետաքննությունում։
————————
Որոշումը ստորագրած անդամներից մեկը՝ Լիանա Ղալթաղչյանը, որը համարվում է կառավարության ներկայացուցիչը մրցութային խորհրդում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 3-ի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Իրավական տրամաբանությունը հուշում է, որ վերը նշված որոշմանը պետք է հաջորդեր կառավարության որոշումը Լիանա Ղալթաղչյանին Մրցութային խորհրդի կազմից ազատելու և Մրցութային խորհրդի կազմում նոր անդամի թեկնածությունն առաջադրելու համար, որը չի արվել: Փաստացի Մրցութային խորհրդի կազմում Լիանա Ղալթաղչյանի, որպես կառավարության ներկայացուցչի պաշտոնավարման շարունակությունը իրավական տեսանկյունից խոցելի է և ոչ լեգիտիմ:
Արդեն նշվել էր նաև, որ խորհրդի կազմում ընդգրկված 2 անդամ՝ Լիանա Ղալթաղչյանն ու Հերիքնազ Տիգրանյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամներ են, իսկ պետական պաշտոններ ստանալուց առաջ նաև աշխատել են այդ կենտրոնում։
2021 թվականի հունիսի 6-ին Ազգային ժողովում քննարկվեց ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի որոշմամբ՝ ԿԿՀ-ի անդամի թափուր պաշտոնում առաջադրած Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ևս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։
Հետևում է, որ առկա է նաև բարեվարքության խնդիր, քանի որ Լիանա Ղալթաղչյանը, որպես Մրցութային խորհրդի անդամ, քանզի փորձ է արել ԿԿՀ անդամի պաշտոնում տեսնել յուրայինի, որը ակնհայտ շահերի բախման խնդիր է իր մեջ պարունակում։ Լիանա Ղալթաղչյանը թե՛ իրավական, թե՛ բարեվարքության տեսանկյունից չի կարող լինել Մրցութային խորհրդի անդամ։
————————
Ինչ վերաբերում է մրցութային խորհրդի մեկ այլ անդամի՝ Հերիքնազ Տիգրանյանին, պետք է նշել, որ ավելի վաղ հետաքննել էինք նաև, որ Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ անօրինական է, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Օրեր առաջ՝ դեռևս 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի էր ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ընդունված որոշման մասին Իրավաբան.net-ն հրապարակում ունեցել է։
Խորհուրդը որոշել էր ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը: Քվեարկությանը կողմ էր քվեարկել Ազգային ժողովի խորհրդի 10 անդամ (ԱԺ խորհուրդը կազմված է 17 անդամից)։
ԱԺ խորհուրդը այստեղ ևս իրավական սխալ էր թույլ տվել, քանի որ որոշումը պետք է ոչ թե ուժը կորցրած ճանաչվեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն, այլ այն պետք է անվավեր ճանաչվեր նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի.
Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի: Այպիսով, կարելի է եզրակացնել, որ Հերիքնազ Տիգրանյանը օրինախախտ է, քանի որ օրենքի դրույթ է խախտել:
Ինչպես արդեն նշեցինք, 2021 թվականի հունիսի 6-ին Ազգային ժողովում քննարկվեց ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի որոշմամբ՝ ԿԿՀ-ի անդամի թափուր պաշտոնում առաջադրած Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ևս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։
Հետևում է, որ առկա է նաև բարեվարքության խնդիր, քանի որ Հերիքնազ Տիգրանյանը, որպես Մրցութային խորհրդի անդամ, փորձ է արել ԿԿՀ անդամի պաշտոնում տեսնել յուրայինի, որը ակնհայտ շահերի բախման խնդիր է իր մեջ պարունակում։
Հաշվի առնելով, որ Հերիքնազ Տիգրանյանը օրենք է խախտել, նա ևս՝ թե՛ իրավական, թե՛ բարեվարքության տեսանկյունից չի կարող լինել Մրցութային խորհրդի անդամ։
————————
«Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 10․1 հոդվածի համաձայն խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում։ Եթե ներկայումս խորհուրդն ունի 4 անդամ, որից երկուսը իրավական և բարեվարքության տեսանկյունից չեն կարող լինեն ՄԽ անդամ՝ հետևում է, որ նշված կազմով այս և հետայսու ընդունված որոշումները լեգիտիմ չեն կարող լինել։
————————
Հավելենք նաև, որ ԿԿՀ անդամի թեկնածուի հարցազրույցի փուլ անցած ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը կառավարության կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու (Կառավարության հունիսի 14-ի որոշում)։ Նա առաջին նիստին՝ հուլիսի 20-ին, ընտրվել է որպես Խորհրդի քարտուղար։