Գերմանիան կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խորը մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը»,- թվիթերյան իր էջում գրել է Մաթիաս Լյութենբերգը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ՊՆ-ի հաղորդմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը

լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել