«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներն են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:
Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին եռյակում են․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
- «Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
- «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:
Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 x 101 / 1 022 361 = 67.9 → 68 մանդատ
- «Հայաստան» դաշինք – 268 300 x 101 / 1 022 361 = 26,5 → 26 մանդատ
- «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 x 101 / 1 022 361 = 6.58 → 7 մանդատ
Ընդհանուր ստացվում է 101 մանդատ:
Պատգամավորական 4 մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:
Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության:
Ստացվում է, որ ՔՊ-ն կստանա 3 մանդատ, մեկ մանդատ կստանա «Հայաստան» դաշինքը։
Սակայն, պետք է հաշվի առնել, որ ստացված մանդատների թվին համապատասխան 1/3-ը պետք է կազմեն 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը:
Տվյալ պարագայում ՔՊ նկատմամբ 1/3-ը ապահովելու համար նշված թիվը կլարցվի ևս 2 մանդատով, որը կստանա «Հայաստան» դաշինքը։
Այսպիսով, Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանում կլինի 107 պատգամավոր, որից կբաշխվեն.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ
- «Հայաստան» դաշինք – 29 մանդատ
- «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ
Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն: