Կառավարության կայքից հեռացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով ՀԿ-ների համար հայտարարված մրցույթի արդյունքների վերաբերյալ հայտարարությունը

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ:

Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Հունիսի 28-ին Կառավարության պաշտոնական կայքէջում հայտարարություն հրապարակվեց, որում ասվում է․

«Վարչապետի աշխատակազմի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուիչների ներգրավման համար հայտարարված մրցույթին դիմել են և հաղթող են ճանաչվել hետևյալ կազմակերպությունները՝ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ և Իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդակցական ՀԿ»։

Հետաքրքրականն այն է, որ ավելի ուշ այս հայտարարությունը հեռացվել է կայքից և այժմ նյութի հղմամբ անցնելու դեպքում ցույց կտա, որ նման էջ գոյություն չունի https://www.gov.am/am/announcements/item/1090/։ Դա երևում է նաև հայտարարությունների բաժնում․ հունիսի 28-ին հրապարակված հայտարարությունը չկա․

Այս մրցույթի վերաբերյալ Արդարադատության նախարարության կողմից երկու հայտարարություն է արվել, սակայն թե ո՞ր կազմակերպություններն են մասնակցել մրցույթին, հաղթող ճանաճվել/չի ճանաչվել որևէ կազմակերպություն՝ հրապարակում չկա արված։ 

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։ 

Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ անօրինական է, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բացի այս, ինչպես հայտնի է, նա նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է, ներկայումս նույն կազմակերպության անդամ է։

Հերիքնազ Տիգրանյանը նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար կազմված մրցութային խորհրդի անդամ է, որի կազմում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանն, ով ևս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է և պետական պաշտոն ստանալուց առաջ նաև աշխատել է այդ կենտրոնում։

Սրանից բացի, նորից նշենք, որ Իրավաբան․net-ի կողմից նախկինում հրապարակված լրագրողական հետաքննությունը փաստում է, որ ներկայիս Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով, որի արդյունքները երեք ՀԿ-ների մասով ոչ օրինական են․ 

Այդ կազմակերպություններն էին՝

  • «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, 
  • «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ,
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ։

Այս կազմակերպությունները մինչ օրս էլ անօրինական կերպով գտնվում են խորհրդի կազմում։

Հիշեցնենք նաև այս ՀԿ-ներից երկուսի փոխկապակցվածությունը կառավարության հետ։ 

Օրեր անց՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցավ ԱԺ խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որի ժամանակ Խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը, ըստ որի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել