Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ռազմական օգնություն է առաջարկել, այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Փաշինյանը։

«Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ հարցի տեղափոխումը ինքը դիտարկում է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կարևոր համարեց, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։

«Մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել