Խաչիկի համար տուն էին կառուցում, որոշել էր տուն ունենալ, իր ընտանիք կազմել։ 2020 թվականի սեպտեմբերին պլանները փոխվեցին ու Խաչիկ Գալստյանը կամավորագրվեց՝ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար։ Տունն էլ կիսատ մնաց, մնացած պլաններն էլ։
«Իր տեսակով, բնավորությամբ ուրիշ տղա էր, իր բարությունը, տեսակը, մարդկայինը՝ լրիվ ուրիշ էր, գաղափարի մարդ էր։ Թույլի կողքը կլիներ, հումորով, կյանքում ավելորդություն իրեն թույլ չէր տա, մեծի հետ՝ մեծ, ամեն տարիքի երեխայի հետ էլ կարողանում էր իր լեզվով շփվել»,-պատմում է Արմեն Մարտիրոսյանը՝ Խաչիկի մորաքրոջ որդին։
Թեպետ Խաչիկի հարազատ եղբայրը, մորաքրոջ որդին զինվորական են ու պատերազմին արդեն իսկ մասնակցում էին, դա իր համար նշանակություն չի ունեցել ու կամավորագրվել է, ընտանիքի անդամներն էլ վերջին րոպեից են իմացել, հրաժեշտ է տվել ու գնացել Արցախ հոկտեմբերի 5-ին։ «Ինքը զինվորական չլինելով ավելի շատ սիրեց հայրենիքը ու նվիրեց իր ամենաթանկը։ Գործով ապացուցեց, որ սիրում է։ Գնացել էր՝ իր ընտանիքի, իր հայրենիքի ու այն 18 տարեկան զինվորի մասին մտածելով, որ իրենց կողքը լինի, իրենք մենակ չզգան իրենց։ Ինքն իր բաժին հայրենիքն է գնացել պաշտպանելու»,-նշում է եղբայրը։
Նրա խոսքով՝ Խաչիկի մասին անցյալով չեն խոսում՝քանի մենք ապրում ենք, քանի շնչում ենք՝ ինքը մեր հետ է, մեր սրտում, մտքում, գաղափարում․ «Ոնց Խաչիկին, նույնն էլ մեր մնացած անմահ հերոսներին կասեմ՝ շնորհակալություն, տղերք, դուք տվիք ձեր ամենաթանկը, բայց վստահ եղեք, որ ձեր կյանքի գինը փոխհատուցելու է թշնամին, մենք սա էսպես չենք թողելու»։
Խաչիկ Գալստյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 2-ին, զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում՝ Ջրականի հատվածում, հոկտեմբերի 10-ին։
Մանրամասները՝ տեսանյութում