Կառավարությունը կարող է հրաժարվել բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագրից․ փոխնախարար

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 7-ին քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Խնդիրն այն է, որ գործնականում առկա են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից բնակարանը կառուցապատողից ձեռք է բերվում բնակարանի կառուցապատման իրավունք ձեռք բերելու միջոցով և այս պարագայում եկամտային հարկի վերադարձման համակարգը:

Պատգամավորներն առաջարկում են՝ եկամտահարկի վերադարձի արտոնությունը կիրառել նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունքով:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի համակարգի ներդրումից հետո հետհայաց վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում․ «Կառավարությունը չի թաքցրել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ, ու համակարգը վերանայելու է այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, իհարկե նրանք, ովքեր հասցրել են մաս կազմել համակարգին, կշարունակեն մնալ մինչև վարկային պայմանագրերի ավարտը, կամ էլ ձևավորել որոշակի սահմանափակումներ: Այդ պահը, կարծես, չի գտնվել` հայտնի իրողություններով պայմանավորված, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասել է նա:

Նա նաև նշեց, որ կար նաև այլ նպատակ` շինարարության ոլորտի ակտիվացումն ու մուլտիպլիկատիվ էֆեկտով հարակից ոլորտների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացումը։

Ֆինանսների փոխնախարարը նաև ասաց, որ նշված տարբերակով բնակարան գնողների թիվը աճում է, ինչը ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել