Արմեն Սարգսյանը մերժել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված քաշաթաղցիների ծրագիրը, որը ուներ տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ենթաբաղադրիչ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀԿ-ի ներկայացրած ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել Արցախյան 2020 թվականի պատերազմի հետևանքով Քաշաթաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում երեխաների սոցիալական ինտեգրումը:

Իրավաբան․net-ի հետ զրույցում Բերձորցի Կարինե Մովսեսյանը, ով «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է, նշում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստանալու համար նախագահին դիմել են մոտ 2 ամիս առաջ։ 

Ապրիլի 1-ին, ՀԿ-ի ներկայացուցիչներին նախագահականից հայտնել են, որ ծրագրի որև բաղադրիչ ֆինանսավորել չեն կարող։ 

«Սկզբում ցանկացել ենք հանդիպել նախագահի հետ և ներկայացնել ծրագրերը, սակայն նախագահականից նշել են, որ Արմեն Սարգսյանը վատառողջ է և մեզ չի կարող ընդունել, սակայն ծրագրերը կարող ենք ուղարկել։ Նախապես հասկացրել են, որ կրթական ծրագիրը չի ֆինանսավորվելու՝ տարբեր պատճառներով։ Այն հանրակրթական միջին դպրոցի 5-9-րդ դասարաններում սովորող աշակերտների համար մասնագիտական լրացուցիչ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում էր նախատեսում՝ ուղղված երեխաների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Ծրագրի երեխաների համար նախատեսված բաղադրիչը ուներ նաև հայագիտական և ինժեներական կրթության ենթաբաղադրիչ: Արցախից մեծ թվով երեխաներ կան, որ ապրում են Հայաստանում։ Նրանց համար նույն խմբակներ հաճախելը, արտադպրոցական զբաղմունք ունենալը դժվար է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր ծնվել են Արցախում և հիմա բռնի տեղահանվել են, նրանց մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ են առաջացել»,-նշում է Կարինե Մովսեսյանը։

Ծրագրով նախատեսվում է նաև երեխաներին հոգեբանական խորհրդատվության մատուցում, որը կնպաստի հետպատերազմյան տրավմատիկ խնդիրների հաղթահարմանը:

Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսվում է ուժեղացնել արցախյան 2020 թվականի պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանից ՀՀ բռնի տեղահանված ընտանիքների կանանց և տղամարդկանց տնտեսական կարողություններն ու սոցիալական ինտեգրումը։ Ծրագրային խնդրի շրջանակներում կազմակերպության շահառուներից կընտրվեն 10 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրից մեկ կին կամ մեկ տղամարդ սկզբունքով, կձևավորվի կանանց և տղամարդկանց 10 հոգանոց սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր` նրանց սոցիալական ձեռնարկատիրական ոլորտի կարողությունների զարգացման և փոքր բիզնես սկսելու համար դրամաշնորհներ տրամադրելու նպատակով: Կազմակերպությունը գտնում է, որ ներկա փուլում կարևոր է տեղահանված անձանց տնտեսական կարողությունները զարգացնել, նրանց աջակցել բացելու և զարգացնելու սեփական բիզնեսը, որով կապահովվի տեղահանված 10 ընտանիքների զբաղվածությունը, սոցիալական ինտեգրումն ու ֆինանսական կայունությունը` սոցիալական միանվագ աջակցություններ տրամադրելու փոխարեն:

Նախագահականից որևէ կերպ չեն հիմնավորել մերժումը։

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Կոսակյանը, ով նաև «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է, նշում է՝ ծրագիրը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, որպեսզի ընդունվի նախագահի աշխատակազմի կողմից․ «Թող չսովորեցնեն բրնձի ու ձեթի, մենք աշխատանք ենք ուզում։ Մենք դաստիարակել ենք սերունդ, որի համար գլուխս բարձր եմ պահում։ Չունենք կորցնելու ոչինչ, կորցրել ենք ամեն ինչ, այնպես որ, պայքարելու ենք»։

Կարինե Մովսեսյանը նշեց, որ պատրաստվում է նախագահին ուղարկել 8000 քաշաթաղցու անուն, որոնք օգնության կարիք ունեն, ինչպես նաև պահանջել ներկայացնել հաշվետվություն, թե ամբողջ աշխարհի հայության կողմից Արցախի և արցախցու համար հավաքած գումարը չի տրամդրվում կարիքավոր արցախցուն: եթե չի տրամադրվում արցախցուն, տվյալ դեպքում Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված քաշաթաղցուն, ապա ում է տրամդրվում:

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար անդամները նշեցին նաև, որ հետևողական են լինելու, որպեսզի աբողջ հայության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հագաբարձուների խորհրդի անդամների առջև բարձրացնեն Հիմնադրամին Արցախի համար նվիրաբերած գումարների օգտագործման արդյունավետության, հաշվետվողականության և թափանիցկության հարցերը: Նրանք նաև վստահ են, որ կգտնվեն իրական բարերարներ և կազմակերպություններ, որոնք անպայման կֆինանսավորեն ծրագիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել