Շուշիի հիսուն տոկոսն իմ ձեռքերով եմ կառուցել․ շինարարն ընտանիքով Գյումրի է տեղափոխվել

«Շուշիի հիսուն տոկոսն իմ ձեռքերով եմ կառուցել»,- ասում է շուշեցի շինարար Վաչիկ Սայամյանը։ Արցախյան երկրորդ պատերազմում Շուշին կորցնելու պատճառով Վաչիկի ընտանիքը տեղափոխվել է Գյումրի, բայց, ինչպես իրենք են նշում, հոգով միշտ Շուշիում են։

Սեփական ձեռքով հարազատ քաղաքում Վաչիկն իր համար էլ էր տուն կառուցել. անավարտ մնաց։ Մտադիր էր որդուն՝ Արմենին ամուսնացնել, բազմաբնակարան շենքում ունեցած բնակարանը, որտեղ ապրում էին մինչ պատերազմը, նվիրել նրան, իսկ ինքը կնոջ ու դստեր հետ տեղափոխվեր նորակառույց տուն։ Մատների վրա սկսում է հաշվել, թե քանի շենք-շինություն է կառուցել Շուշիում, կեսից ձեռքերը դողում են, կորցնում է հաշիվն ու գլուխն առնում ափերի մեջ։

«Իմ կառուցած շենքերից առաջինը, որ պայթեցրեց թշնամին, Շուշիի մշակույթի տունն էր, որտեղ մի խումբ ոստիկաններ զոհվեցին։ Էդ պահին ես էլ էի այնտեղ։ Շենքը որ կառուցեցի, ինձ տնտեսվար նշանակեցին, ասեցին, որ տիրություն անեմ իմ սարքածին։ Պայթյունի ժամանակ մի պահ դուրս էի եկել՝ հեռախոսով խոսելու ու հրաշքով փրկվեցի»,- հիշում է Վաչիկ Սայամյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Սայամյանները արկերի, կրակոցների ձայներից արթնացել են։ Դուրս են եկել պատշգամբ ու տեսել, որ մոտակա Շոշ գյուղի վերևում ծխի ամպեր են կուտակված։ Այնտեղ են եղել հակաօդային պաշտպանության զինապահեստները։

«Մտածեցինք՝ պատերազմ է, հարևաններով հավաքվեցինք, իջանք նկուղ, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Ոչ տագնապ կար, ոչ մի բան, ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում»,- պատմում է Վաչիկ Սայամյանի կինը՝ Լիլիթ Մելքումյանը։

Հետո դստերն ուղարկել են Գորիս՝ ընկերուհու տուն, որ ապահով լինի, տղան զորակոչով գնացել է կռիվ, իսկ հայրը կամավորագրվել է։ Տիկին Լիլիթը մնացել է տանը, ասում է՝ չէր կարող մենակ թողնել ամուսնուն ու որդուն։

Վաչիկը մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, իսկ որդին, ով նաև Ապրիլյան պատերազմի մասնակից է, կռվել է Ակնայում (Աղդամ), թշնամու մի քանի տանկ է ոչնչացրել։ Վաչիկ Սայամյանն ասում է՝ իր մեջ ուժ է գտել ու որդուն իրենից հեռու պահել։

«Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես հայր ու որդի իրար կողք կողքի մահանում են, դրա համար Արմենին չթողեցի, որ իմ հետ լինի»,- նշում է նա։

 

Ինչքան երկար է ձգվել պատերազմը, այնքան վտանգավոր է դարձել քաղաքացիական բնակչության ներկայությունը քաղաքում։ Հոկտեմբերին տիկին Լիլիթը վերջին կանանցից է եղել, որ լքել է Շուշին ու ստիպված գնացել Գորիս՝ դստեր մոտ։ Ավելի ուշ տեղափոխվել են Գյումրի, որտեղ իր ուսանողական ընկերուհին տվել է մեկսենյականոց բնակարան՝ ժամանակավոր ապրելու համար։ Մինչ օրս էլ ընտանիքն ապրում է այդ բնակարանում՝ ամեն օր հիշելով իրենց կորցրած տունն ու քաղաքը։

«Ես գնում էի, բայց վստահ էի, որ հետ եմ գալու։ Տնից ոչ մի բան չեմ վերցրել։ Միայն մեր անձնագրերն եմ վերցրել։ Անգամ հագուստ չվերցրի։ Աշնանային հագուստով դուրս եկա տնից ու մինչև հիմա ես սպասում եմ, որ վերադառնալու եմ իմ Շուշի, իմ տուն»,- ասում է տիկին Լիլիթը։

Նա եղել է Շուշիի գորգերի թանգարանի, ապա՝ Գյովհար Աղայի վերին մզկիթի գիտաշխատող։ Ափսոսանքով նշում է՝ վերջերս Երևանում ցուցադրության հանված գորգերը եղածի չնչին մասն էին։

Նրանց որդին՝ Արմենը, տանկիստ լինելուց բացի տաղանդավոր նկարիչ է, Շուշիում է թողել իր բոլոր նկարները։ Արցախում շատ հայտնի էր։ Ում հարցնեին՝ նկարիչ ՍայԱրին ճանաչում ես, կասեր՝ այո։ Ընտանիքի անդամներն ասում են՝ Արմենը չի արտահայտում իր հույզերը, փոխարենը կարոտն արտացոլվում է նրա նկարներում։

Ինչ Գյումրի են տեղափոխվել, Արմենն արդեն մոտ 30 նկար է վրձնել, որոնց գերակշիռ մասում պատկերած է Շուշին։

«Իմ մանկությունը, իմ ամեն ինչն անցել է Շուշիում, անընդհատ իմ քաղաքն է աչքերիս առաջ, դրա համար էլ՝ ինչ նկարում եմ, Շուշին է ստացվում»,- ասում է Արմենը։

Գյումրին իր կոլորիտով, ճարտարապետությամբ, ցուրտ եղանակով Արմենը նմանեցնում է Շուշիին։ Միայն թե Գյումրին սև քարով է կառուցված, իսկ Շուշին՝ սպիտակ։

Երբ լուսանկարում էինք Արմենի նկարները, նրա քույրը՝ Ռուզան Սայամյանն անհանգստանում էր, թե հանկարծ հին հեռուստացույցը կամ տան մաշված իրերից որևէ մեկը չերևար նկարում։ Ասում է՝ դա իրենց սազական չէ, իրենց տունը, բակը, քաղաքը բարեկարգ էին, չի համակերպվում ներկա իրականության հետ։

«Ամեն առավոտ արթնանալիս ինձ թվում է՝ մեր տանն եմ արթնացել, իմ Շուշիում եմ, չի ստացվում հարմարվել։ Անընդհատ մտքիս հետ գնալն է։ Երևակայական մտքեր էլ եմ ունենում, թե հիմա ով է մտել մեր տուն, ինչ են արել մեր տան հետ, մեր ընտանեկան ալբոմները, իրերը, Արմենի նկարները…»,- հուզվում է Ռուզանը։

Վաչիկ Սայամյանը վերջին անգամ իր տուն է մտել նոյեմբերի 5-ին՝ հոգու խորքում գիտենալով, որ գուցե վերջին անգամն է։ Տնից իրենց դիպլոմներն է վերցրել ու հոգատարությամբ փակել ջրի խողովակները, որ արտահոսքի դեպքում հարևանի տուն ջուր չկաթի, բացել է պատշգամբի դռները ու տան լուսամուտները, որ հնարավոր հարվածի ալիքից տունը չպայթի։ Փակել է դուռն ու իջել ներքև։

«Տեսա, որ մի հատ ավտո է գալիս, հայի ավտո էր, ընկերս ասեց՝ ինչ լավ է, Շուշիում աշխույժ է, ավտո էլ կա։ Բայց թուրքերն էին հայերի թողած ավտոները վերցրել։ Պարզվում է՝ քաղաք էին մտել, բայց փոքր խմբով՝ մոտ 20 հոգով»,- ասում է նա։

Հետո թշնամին ցրվել է քաղաքով մեկ, իսկ իրենք երկու օր պատրաստ սպասել են, որ Շուշին հետ վերցնելու հրաման տան։

«Բայց, ցավոք, ոչ մի հրաման չեղավ։ Երկու օր սպասելուց հետո ստիպված եղանք դուրս գալ քաղաքից։ Ախր Շուշին գրավելը հեշտ բան չի։ Եթե իրանք մեր օդը պահեին, մենք կհաղթեինք, Շուշին անհնար կլիներ տալը»,- ասում է Վաչիկ Սայամյանը։

Զրույցի ընթացքում նա մի պահ լռեց, գլուխն իջեցրեց, այնուհետև, վեր բարձրացնելով, ասաց․ «Հենց այս պահին էլ աչքիս առաջ Շուշին եկավ։ Երազիս անընդհատ տեսնում եմ, նստած տեղս աչքերս սառում են, ու Շուշին է երևում»։

Արմենն ու հայրը երկու-երեք տեղ են աշխատել Շուշիում, ընտանիքն այսօր Գյումրիում աշխատանքի խնդիր ունի։ Միայն երբեմն Արմենի կտավները՝ Շուշիի պատկերներն են գնում մարդիկ։ Իսկ Ռուզանը Գյումրու զբաղվածության կենտրոնի միջոցով կարողացել է ժամանակավոր աշխատանք գտնել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնում։

Վաչիկ Սայամյանը հույս ունի, որ մի օր կրկին կգնան իրենց հարազատ Շուշի, բայց եթե Գյումրիում աշխատանք գտնեն, կարողանան մի փոքր վաստակել, իր ձեռքերով մի տուն էլ Գյումրիում կկառուցի։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել