Լույս է տեսել Վճռաբեկ դատարանի փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Առնոլդ Վարդանյանի մենագրությունը՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման տեսական և գործնական հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով։
Երիտասարդ իրավաբանը 25 տարեկան է, բայց արդեն դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Փաստաբանական դպրոցում, Ոստիկանության ակադեմիայում։
«Անկախ նրանից, անձն ինչ գործունեությամբ կզբաղվի, որտեղ կլինի, ինչ կարգավիճակ կունենա, կոնկրետ ինձ համար գիտությունը միշտ առանձնանում է ու տարբերվում բոլոր ոլորտներից, որովհետև գիտության մեջ կա մտքի անսահմանափակ ազատությունը, որը դու երբևիցե չես կարող գտնել տարբեր ոլորտներում»,- «Իրավաբան գիտնականներ» շարքի շրջանակներում անցկացված զրույցում նշում է Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է երիտասարդ տարիքում նախապատվությունը տվել գիտությանը, այլ ոչ՝ իրավաբանական, փաստաբանական ընկերությունում բարձր վճարվող աշխատանքին։
Նրա խոսքով՝ գիտությունը սահման չի ճանաչում, անձը կաշկանդված է իր մտքի սահմաններում, իսկ մտքի սահմանների ազատությունը միշտ ոգեշնչում է։ «Ես մտածում եմ նույնիսկ բացառապես գիտությամբ զբաղվելու մասին, որովհետև այն ազատությունը, այն հնարավորությունները, որը տալիս է գիտությունը, մենք գրեթե որևիցե ոլորտում չենք կարող հասնել, այլ հարց է, որ ֆինանսական տեսանկյունից այն կայուն գործունեություն չի համարվում»,-նշում է նա։
Իրավաբանը նշում է, որ իր մենագրության թեմայի ընտրությունը պայմանավորված էր թեմայի փակ լինելու պատճառով, մինչ այս այն ուսումնասիրության առարկա չէր դարձվել։ «Կային կուտակված խնդիրներ, որոնք անհրաժեշտ էր վեր հանել, բացահայտել, նորովի ներկայացնել։
Եթե մենք խոսում ենք խնդիրների մասին, ես կցանկանայի առավել ուշադրություն դարձնել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց դատավարական կարգավիճակին վերաբերող խնդիրներին, որովհետև մոտեցման, վերաբերմունքի խնդիր ունենք նման անձնան։ Տարիներ շարունակ եղել է մի ձևավորված մոտեցում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք համարվում են հոգեկան հիվանդներ, հետևաբար՝ նպատակահարմար չէ այդ անձանց մասնակից դարձնել վարույթին, որովհետև անձիք չեն հասկանում իրենց իրավունքները, պարտականությունները․ այսպիսով նպատակահարմար չէ մասնակից դարձնել իրենց դատավարությանը։ Եվ այս մոտեցումը կայուն զարգացում է ապրել։ Մենք ունեինք մի իրավիճակ, երբ անձիք ընդհանրապես մասնակից չէին լինում իրենց վերաբերյալ ընթացքող դատավարությանը»,-ասաց Առնոլդ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հաշվի չի առնվում մի կարևոր փաստ, որ այդ անձիք համարվում են նույն մեղադրյալները և ունեն նույն իրավունքները, պարտականությունները՝ ինչ մյուսները և այլ հարց է, թե իրենց հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված ինչ ծավալով կարող են դրանք իրացնել, բայց պետությունը նրանց պետք է տա այդ իրավունքների ծավալը․ «Այլ է հարցը՝ թե իրենք կօգտվեն այդ իրավունքներից, թե չեն օգտվի»։
Մանրամասները՝ տեսանյութում