Խորհրդարանական հանրապետությունը համապատասխան չէ պատերազմող երկրին․ Արսեն Թավադյան

«Եթե սահմանամերձ գյուղի աշակերտը «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ չունի, ապա քո երկիրը սոցիալական չէ»։ Սոցիալական պետության, պետության կառավարման ձևի և այլ հարցերի վերաբերյալ Իրավաբան․net-ը «Իրավաբան գիտնականները» շարքի շրջանակում զրուցել է Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանի հետ։

-2011-ից մինչև այսօր դասավանդում եք ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետում, 2016-ից նաև Արդարադատության ակադեմիայում։ Կային բաներ, որոնք Ձեզ համար անընդունելի էին, երբ ուսանողի էիք։ Որո՞նք որոշել էիք երբեք չկրկնել, եթե հայտնվեք սեղանի մյուս կողմում։

-Բարդ հարց եք տալիս։ Երևի թե, ինձ համար ամենաանընդունելին կամ այն բանը, որից ես կցանկանայի խուսափել, մեծամիտ վերաբերմունքն է ուսանողի և ուսանողի կարողությունների նկատմամբ։ Կային դասախոսներ, որոնք մեծամտորեն էին վերաբերվում ուսանողների նկատմամաբ․ գերագնահատում էին իրենց կարողությունները, թերագնահատում՝ ուսանողներինը։ Երևի դա ամենավատ բանն է, ինչը դասախոսը կարող է  անել։

-ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համալսարանի կոնսերվատիվներից մեկն է։ Դա դասախոսների աշխատանքին չի խանգարո՞ւմ։

-Ես չէի համաձայնվի, որ կոնսերվատիվ է։ Կարող է դա արտաքին տպավորությունն է, քանի որ մասնագիտությունը իր բնույթով կոնսերվատիվ է։ Մեր գիտությունը 2700 տարեկան է, դեռ Հռոմից սկսած։ Մեր գիտության գերակշիռ մասը անցյալի ուսումնասիրություն է ու այդ պատճառով կարող է տպավորություն ստեղծվել, որ այն կոնսերվատիվ է։ Բացի դրանից, իրավաբանությունը ֆորմալիստական է։ Բայց ես չեմ կարծում, որ մենք առաջադեմ չենք։

-2015թ.-ին ընդունված Սահմանադրությամբ նախկին Սահմանադրության համեմատությամբ սոցիալական իրավունքներն առավե՞լ պաշտպանված են, թե ոչ:

-Սոցիալական իրավունքների մեջ պաթոս կա, որը պետք է մշտապես հաշվի առնվի։ Միշտ կա այդ դիխոտոմիան․ առաջինը, որ տնտեսական զարգացմանը միշտ խոչընդոտում են սոցիալական իրավունքները։ Այսինքն, եթե բարձրացվում է սոցիալական պաշտպանության մակարդակը, ապա տնտեսական զարգացումը դանդաղում է։ Եթե աշխատանքային հարաբերություններում պետությունը ավելի շատ պաշտպանում է աշխատողին, գործատուի վիճակը վատթարանում է։  Դրա համար՝ սոցիալական իրավունքները պաշտպանելիս պետությունը պետք է իր վրա վերցնի բեռը։ Մեր Սահմանադրությունը գրված է այն տրամաբանությամբ, որ այդ բեռը պետության վրայից ընկնի։ Օրինակ՝ պետությունը որևէ քայլ չի կատարել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Սակայն հենց աշխատատեղերի ստեղծմամբ պետությունը կարող է երաշխավորել սոցիալական իրավունքները։

Մեզ մոտ չկա աշխատանքի իրավունք, մեզ մոտ աշխատանքի ընտրության ազատությունը։ «Աշխատանքի իրավունք» նշանակում է, որ պետությունը պետք է երաշխավորի և իր քաղաքականությունը այնպես կառուցի, որ ՀՀ-ում ցանկացած մարդ կարողանա իրացնել աշխատանք ունենալու և աշխատելու իր ցանկությունը։ Մեր պետությունը նման քաղաքականություն չի վարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել