«Իրավաբան գիտնականներ» շարքի շրջանակներում խոսել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանի հետ։
-Բավական ժամանակ աշխատել եք ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում, զբաղեցրել նաև տնօրենի պաշտոնը։ Կասեք, թե ո՞րն էր այդ պաշտոնը լքելու պատճառը և ինչպես ընդունեցիք ՏՄՊՊՀ անդամ լինելու հնարավորության առաջարկը։
-Բնականաբար ՏՄՊՊՀ գործառույթներն ու լիազորությունները բավական հետաքրքրական են և այն իրապես կարելի է համարել իրավագիտության և տնտեսագիտության յուրատեսակ խառնարան և այս առումով բավական ոգևորություն ապրեցի, որովհետև հնարավորություն ստացա իմ հնարավարություններն իրացնել նաև այս դաշտում, իսկ այս դաշտը ոչ միայն կարևորվում էր օրենսդրական բարեփոխումներ իրացնելու կամ իրականացնելու հնարավորությամբ և հեռանկարով, այլև՝ ոլորտային, բուն իրավակիրառման գործընթացին մասնակցելով։ Համեմատության համար ասենք, օրինակ՝ Արդարադատության նախարարությունում իմ զբաղեցրած նախորդ կարգավիճակն այդ հնարավորությունն ուղղակիորեն չուներ և այնտեղ գործունեությունս հիմնականում սահմանափակվում էր օրենսդրական գործընթացին մասնակցելով։ Եվ նաև պատճառներից մեկը սա էր։
-Տարիներ շարունակ դուք պետական համակարգում եք աշխատում, մասնավոր ընկերությունում աշխատելու ցանկություն չունե՞ք։
-Իրականում ինձ մոտ միայն պետական համակարգում չի եղել աշխատանքը, այլ փոփոխական է եղել։ Ի սկզբանե անցել եմ մասնավոր հատվածում աշխատանքի, զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ, այնուհետև ծառայություն եմ անցել պետական համակարգում՝ Ֆինանսների նախարարությունում, այնուհետև կրկին մասնավոր հատված եմ վերադարձել, խոսքը բանկային համակարգի մասին է, այնուհետև վերադարձել եմ ոչ պետական, ոչ մասնավոր կարգավիճակ ունեցող հիմնադրամում, որի մասին դուք հիշատակեցիք և դրանից հետո ՏՄՊՊՀ-ում շարունակում եմ իմ ծառայությունը։ Այս պահին մասնավոր հատված վերադառնալու ցանկություն չունեմ, ժամանակի ընթացքում կարող են մտքերը փոխվել։
-Դուք մի շարք գիտական հրապարակումների հեղինակ, համահեղինակ եք։ Ըստ Ձեզ, գիտությունը ՀՀ-ում շահութաբե՞ր է այժմ։ Եթե ոչ՝ ո՞րն է դրա պատճառը։
-Գիտությունը շահութաբեր համարելն իրականում ռոմանտիկայի դաշտից կլիներ և այստեղ գործունեություն ծավալող անձանց, ում հիմանակնում ճանաչում եմ, կարելի է ասել՝ իրենց գործի նվիրյալներ են և իրենց ազատ ժամանակի, այլ հնարավոր աշխատանքների հաշվին է, որ մենք ունենում ենք որոշակի աշխատանքների մշակում, հրապարակումներ և այլն։ Այս համատեքստում գիտությունը, ցավոք, առնվազն իրավագիտության ոլորտի մասով կարող եմ ասել, որ իրավագիտությունը շահութաբեր չի կարող համարվել։
-Պարոն Մարկոսյան, 2020 թվականին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի հետ համատեղ գիտական հոդված եք հրապարակել․ «Ինքնավարության իրավական բովանդակությունը և ինքնավար մարմինների առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով։ Գիտենք, որ ինքնավար մարմին հասկացությունը Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո ներդվեց՝ մասնավորապես 122-րդ հոդվածում։ Ինչի՞ հանգեցիք այս հետազոտության արդյունքում։ Ըստ Ձեզ, կարո՞ղ է լինել ինքնավար մարմին, երբ այն կազմվում է պատգամավորների քվերակության արդյունքում։ Օրինակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նմանատիպ մարմին է, այն անկախ կարո՞ղ է համարվել։
-Ես և տիկին Մանասյանը բազմիցս էինք ունենում քննարկումներ ինքնավար մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի, բնորոշ առանձնահատկությունների, երաշխիքային համակարգի մասին։ Այնուհետև որոշեցինք մեր քննարկումների արդյունքները հանձնել թղթին և ինչու չէ՝ ներկայացնել հանրության դատին։ Այս համատեքստում էր, որ որոշվեց այս հոդվածը գրել ու հրապարակել։
Հարցի պատասխանը՝ թե կարող է ԱԺ կողմից նշանակմամբ ձևավորվել ինքնավար մարմիններ՝ այո։ Այստեղ խնդիրը ոչ միայն ձևավորման, այլև մի շարք այլ երշախիքային համակարգերի մեջ է և բնականաբար նշանակումից հետո մենք ունենք բավարար անկախությունը ապահովող երաշխիքային համակարգ՝ կառուցակարգային, նյութական, սոցիալական և այլն, որոնք թույլ են տալիս ինքնաբավ և անկաշկանդ յուրացնելու մեր առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններն ու գործառույթները։
-Խոսենք նաև հենց ՏՄՄՊՀ-ից։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել, որն արդեն ստորագրվել է հանրապետության նախագահի կողմից և մայիսի 31-ից էլ ուժի մեջ կմտնի։ Խնդրեմ հակիրճ ներկայացնեք, թե առավել ակնառու ինչ փոփոխություններ են կատարվել օրենքում։
-Էական բարեփոխման ենթարկվեց «անձանց խումբ» ինստիտուտը Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համատեքստում։ Անձանց խումբը ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց այնպիսի խումբն է որոնց մեջ կա փոխկապվածություն և վերահսկողություն և օրենքով նախատեսված որոշակի պայմաններ։ Ինչու՞ եմ սրան անդրադառնում, որովհետև անձանց խումբը որքան էլ որ մի քանի սուբյեկտների առկայություն է ենթադրում՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենսդրությամբ և նաև փոփոխությամբ, դիտարկվում է որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ, սա ինչ է նշանակում, որ դրանցից մեկի կատարածի համար պատասխանատվության հարցը քննարկելիս կարելի է անդրադառնալ բոլորին ու բոլորի նկատմամբ էլ պատասխանատվության միջոց կիրառել։
Ներկա օրենսդրության համատեքստում դա այդպես է, օրենսդրական մակարդակում առնվազն, իհարկե հանձնաժողովը մի փոքր այլ մոտեցում է որդեգրել գործնականում. այսինքն արվում է հետևյալը՝ ճիշտ է անձանց խումբ է, բայց պատասխանատվության հարցերը քննարկելիս դիտարկվում է միայն այն սուբյեկտների վարքագիծը և այն սուբյեկտների հասույթը որոնք առնչություն են ունեցել կոնկրետ իրավախախտմանը։ Թեկուզև օրենսդրությունը մեզ հնարավորություն տալիս է բոլորին համակցության մեջ դիտարկելու։ Իմ այս խոսքերն այլևս օրենսդրական կարգավորման տիրույթ են տեղափոխվել և ուժի մեջ մտնելուց հետո ՏՄՊՊՀ-ն, որ արդեն կոչվելու է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ կկարողանա և պետք է պատասխանատվության միջոց կիրառել անձանց խմբի դեպքում բացառապես կոնկրետ սուբյեկտների մասով, ովքեր ներգրավված են եղել իրավախախտման։
Մի շարք այլ փոփոխությունների մասին մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան
Վահե Վարդանյան