«Ընդունել էի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, քանի որ ցանկություն կար մասնակցելու պետության կառավարմանը, ծառայել պետության հզորացմանը»,-այս մասին «Իրավաբան գիտնականները» շարքի շրջանակներում հարցազրույցի ժամանակ ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆիկ Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, Արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում համակարգել եք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրի կատարումը։ 2018-ից հետո անընդհատ խոսվում է դատարանների անկախության մասին։ Ի՞նչ փոփոխություններ են արվել Ձեր պաշտոնավարման ընթացքում։
-Երբ ես 2019 թվականին հուլիսին ստացա փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և ընդունեցի այն, դատաիրավական բարեփոխումները մշակման փուլում էին։ Արդեն կատարված աշխատանք կար։ Ռազմավարության մշակման համար բավականին սեղմ ժամկետներ կային։ Դրա նպատակն էր՝ ստեղծել գործիքներ՝ դատարաններում արմատացած բացասական երևույթները վերացնելու համար։
Ռազմավարությունը անդրադառնում է թե՛ դատարաններում կոռուպցիայի վերացմանը, թե՛ արդարադատության արդյունավետության բարձրացմանը, թե՛ դատավորների պրոֆեսիոնալիզմին։ Բոլոր գործողությունների իրականացման դեպքում այն տալու է էֆեկտ, որի արդյունքը զգալու են բոլորը։ Այն մտքերը, տեսլականը, որը դրվել է ռազմավարության մեջ, պետք է կիսեին բոլոր կիրառողները, սակայն, պրակտիկայում այդպես չեղավ։ Կիրառողները կամ հապաղեցին, կամ այնպես չկիրառեցին ինչպես պետք էր, կամ էլ դեռ ընթացքի մեջ է։
-Խոսքը դատակա՞ն համակարգի, թե գործադի՞ր մարմնի ներկայացուցիչների մասին է։
-Գործադիրը այս դեպքում այնքան էլ անելիք չունի։ Օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվեց գործիք՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և գույքային ստուգում իրականացնելու համար։ Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ վարույթ չէր հարուցվել, եթե չեմ սխալվում՝ մինչև այսօր էլ չկա։ Մարդիկ բողոքում են դատարանների և դատավորների կաշառվածությունից, գործիք է տրվել ԿԿՀ-ին, որը անկախ է ձևավորվել, ձևավորվել է խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ, ապա հարց է առաջանում՝ ինչն է խանգարում գույքային ստուգում իրականացնել։ Սա մի կոմպոնենտ։
Երբ ես դեռ նախարարությունում էի աշխատում, Արդարադատության նախարարը մի շարք վարույթներ հարուցեց դատավորների նկատմամբ, բավականին ցցուն խախտումներ էին թույլ տրվել։ Եթե արդյունքներով նայենք, 2 դատավորի լիազորություն է դադարեցվել։ Չի կարելի ասել, որ բոլոր գործերով պետք է դատավորների լիազորությունները դադարեցվեն։ Կան պատասխանատվության այլ միջոցներ, բայց արդյունքները ինձ չեն գոհացնում։ Ամբողջ ռազմավարությունը կգործի այն դեպքում, երբ դրա բոլոր օղակները նույն կերպ ընկալեն այն և աշխատանքով նպաստեն դրա մեջ դրված տեսլականի իրականացմանը։
-Նշեցին ԿԿՀ-ի աշխատանքի մասին․ հանձնաժողովի ստեղծումը իրեն արդարացրե՞լ է։
-Այն անկախ մարմին է և գործադրի հետ հատումներ տեղի չեն ունենում կամ շատ քիչ են լինում։ Բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ արդյունքը հապաղում է։ Չի կարելի ասել, որ չի արդարացրել։ Բավականին մեծ լիազորություններ ունի այդ մարմինը։ Տրված են գործիքներ, որոնք ոչ մի մարմին չունի։ Ինստիտուցիոնալ անկախության այնպիսի երաշխիքներ են տրված, որոնց առկայության դեպքում հանձնաժողովը կարող է անկախ գործել, բայց իմ կարծիքով՝ արդյունքները հապաղում են։
-Նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել եք Ձեր դիմումի համաձայն։ Կարո՞ղ եք նշել, թե ո՞րն է եղել պատճառը։
-Հարցին պատասխանելուց առաջ պետք է ասեմ, թե ինչու եմ ընդհանրապես ընդունել փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Դրդապատճառը պետության կառավարմանը մասնակցություն ունենալու ցանկությունն է եղել, ծառայել պետության հզորացմանը։
Ազատման դիմում գրել եմ, քանի որ կարծել եմ, որ հետպատերազմյան Հայաստանում պետք է պետությունը փոփոխությունների և զարգացման այլ տարբերակ ընտրեր: Այդ պայմաններում իմ ծառայությունը համարել եմ ոչ նպատակահարմար: Ուզում եմ ընդգծել, որ չեմ ունեցել որևէ անձնական տարաձայնություններ նախարարի և նախարարության աշխատակազմի հետ, նրանց հետ ջերմ հարաբերությունները պահպանվում են նաև այսօր:
-Այսինքն, Ձեր սպասումները չեն արդարացե՞լ։
-Ոչ, չի կարելի այդպես ասել։ Իմ սպասումները իմ և ինձ շրջապատող թիմի աշխատանքից էին նաև կախված։ Ես վստահ ասում եմ, որ ինձ շրջապատող թիմը, նախարարը, տեղակալները, բոլորս մի մտքի էինք։ Կարելի է ասել, որ ես իմ մաքսիմումը ներդրել եմ և իմ աշխատանքի մասով սպասումները իրականացել են։
-Թողեցիք փոխնախարարի պաշտոնը և որոշեցիք Ձեր փաստաբանական գրասենյակը հիմնել, «Սիգմա լո գրուպ»-ը։ Ի՞նչ գործերով է զբաղվում ընկերությունը։
-Փաստաբանական գործունեությամբ զբաղվելու փորձ ունեցել եմ․ դեռ 4-րդ կուրսը չէի ավարտել։ Ես ինձ միշտ մասնավոր ոլորտի անձ եմ համարել, նախկինում պետական համակարգ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ, սակայն մերժել եմ դրանք։ Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նորից վերադարձա մասնավոր ոլորտ և հիմնեցի «Սիգմա լո գրուպ»-ը։ Փաստաբանական գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալելու ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային իրավունքի բնագավառում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի պետական-իրավական համակարգի կատարելագործմանը, տնտեսության իրավական կարգավորումների զարգացմանը։ «Սիգմա լո գրուպ»-ը ծառայություններ է մատուցում կորպորատիվ իրավունքիբնագավառում, բանկային և ապահովագրական ոլորտում, իրականացնում ենք նաև անձանց շահերի պաշտպանություն դատարանում՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով։ Օրեցօր գրասենյակը ընդլայնվում է և պլանավորում եմ բացի մասնավոր գործունեությունից այն նաև հարթակ դարձնել հասարակական-քաղաքական հարցերի իրավական վերլուծությունների իրականացման և հանրությանը ներկայացման համար: Վերսկսել եմ նաև իմ գիտական գործունեությունը և շուտով հանդես կգամ գիտական հոդվածներով:
-Ինչո՞ւ որոշեցիք Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրություններին մասնակցել։
-Մտածում էի, որ խորհրդի անդամների մեջ իմ ներկայությունը կարող է նպաստել փաստաբանների համայնքի զարգացմանը, սակայն արդյունքները այլ եղան։ Ես դեռևս նոր մարդ եմ փաստաբանության ոլորտում, արտոնագիրն էլ վերջերս եմ ստացել։ Հնարավոր է, որ ճանաչվածության որոշակի խնդիր կար փաստաբանների շարքում, սակայն կային նաև կարգավորումների խնդիրներ։ Խորհրդի անդամի այլ թեկնածուներ ընտրություններին մասնակցում էին թիմով։ Նրանք բացահայտ աշխատում էին մեկը մյուսի համար։ Դա արգելված չէ ընտրության կանոններով։ Կարելի է ասել, որ կար մի «խումբ», որը մասնակցում էր ընտրություններին և կային անկախ թեկնածուներ։ Չեմ կարող ասել, որ պայքարը արդար էր։
Եթե դու ընտրության ես գնում, այսպես ասած, խմբով, իսկ այլ թեկնածուները գնում են ընտրության առանձին, ապա այդտեղ ուժերի հավասարության օբյեկտիվ խնդիր է առաջանում։ Ամեն դեպքում իմ կողմից ընտրություններին մասնակցելիս ղեկավարվել եմ իմ սկզբունքներով և չեմ խախտել արդար պայքարի կանոնները, իսկ արդեն մի քանի ընտրության ժամանակ կիրառված այդ «մեխանիզմը» վստահ եմ, որ գոնե մյուս ընտրության համար պետք է վերացվի:
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Մարատ Սիրունյանի