ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ «հրատապ» նիստ հրավիրելու լուրերի մասին

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց․ «Այո, դիմել է, հանդիպել ենք, բայց դատավորի խնդրանքով քննարկման թեման չեմ կարող բացահայտել։ Նիստ չի եղել, հանդիպում է եղել, այն էլ ժամը 8-9 ընկած ժամանակահատվածում»։

Իսկ հարցին, թե ինչ որոշում է ընդունվել իրավապահների դիմելու-չդիմելու վերաբերյալ, Գրիգոր Բեքմեզյանն ասաց․ «Կարող եմ միայն ասել, որ օրենքով ընթացք կտանք»։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:

ՀՀ կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նշենք նաև, որ Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել