Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:
«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,-ասել է նա:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։