ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հայտնում է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ.

-երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը,

-2020 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում եւ ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում:

Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ՝ կառավարության տրամադրած տեղեկատվության վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում։

39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին: Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության ենթարկելու , ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ:

2021 թվականի փետրվարի 19-ին Սեկցիայի Նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ:

Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները եւ տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն:

Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020 թվականի դեկտեմբերին վերադարձվել են։ Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը:

Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել