Արցախյան պատերազմում զոհված Էդիկ Կարապետյանը և Արմեն Կարապետյանը հայր և որդի էին: Մեկ օրվա տարբերությամբ են զոհվել, որդին՝ Արմենը՝ հոկտեմբերի 2-ին է զոհվել, Ջաբրայիլում, հայրը՝ հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում։
Էդիկ Կարապետյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է: 1992 թվականից մինչև 1997 թվականը եղել է Արցախում, մասնակցել է Լաչինի, Քարվաճառի և այլ մարտերի: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց արցախյան երրորդ պատերազմը, նրա որդին՝ Արմեն Կարապետյանը ժամկետային զինծառայող էր: Նա բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 12-ին, ծառայել է Խնձորեսկում, զինավարժություններ է անցկացրել Ջաբրայիլում:
Էդիկ Կարապետյանը, երբ իմացել է որդու դասընկերոջ՝ Էրիկ Սահակյանի մահվան լուրը, որոշել է, որ այս պատերազմին էլ պետք է մասնակցի։ Արցախ է մեկնել սեպտեմբերի 29-ին:
«Տղաս զանգեց ասաց՝ մամ, ինչի՞ ա պապան գնացել, ախր դա իր պատերազմը չի, 90-ականների պատերազմը չի, հրացանով չի, սա լրիվ ուրիշ պատերազմ է, ինքը չի հասցնի փախնի, եթե մի բան լինի»,- պատմում է մայրը՝ Ալինա Կարապետյանը:
Էդիկ Արմենի Կարապետյանը ծնվել է 1964 թվականի փետրվարի 5-ին, Արմեն Էդիկի Կարապետյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին: