Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»,- ասաց Պուտինը:

Կրեմլում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ավելի վաղ Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-նշել է Մանե Գևորգյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել