Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահը հանդես էլ եկել հայտարարությամբ ու կոչով դիմել դատավորներին, որտեղ նշել էր․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
Սա որակվեց որպես քաղաքական հայտարարություն: Իրավաբան․net-ը հարց ուղղեց նրան, թե իր ո՞ր լիազորությունն է կիրառել կոչով հանդես գալիս, հաշվի առնելով, որ Սահմանադրության 175 հոդվածի համաձայն սահմանվում են ԲԴԽ լիազորությունները, Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները։ Նշենք, որ կան նաև մեկնաբանությունները, նման կոչով դատավորներին դիմելը ԲԴԽ նախագահի լիազորություններից դուրս է։
«Չեմ մեկնաբանի, որևէ կերպ չեմ մեկնաբանի։ Ամսի 15-ին կոչով հանդես եմ եկել, դիմել եմ իմ գործընկերներին, դրա համար հատուկ սահմանադրական լիազարություն անհրաժեշտ չէ և Դատական օրենսգրքով հատուկ լիազորություն՝ կոչով դիմելու, եթե ֆորմալիստական, լեգիստական մոտեցում ցույց տանք, կոչով դիմելու լիազորություն չունի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, բայց իրոք, գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին և շատ ճիշտ բառեր եմ օգտագործել՝ դիմելով իմ գործընկերներին, որպեսզի ապաքաղաքական մնան, չտրվեն քաղաքական որոշումներ կայացնելու գայթակղությանը»,-հարցին պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։
Հավելենք, որ այսօր՝ նախքան լրագրողների հարցերին պատասխանելը, Վարդազարյանը նշեց, որ էլի կոչով է դիմում, այս անգամ՝ իրավաբաններին, փորձառու փաստաբաններին, դատախազներին, քննիչներին․ «Որ դիմեն՝ համալրելու դատավորների ցուցակները, ինչքան էլ հեռվից թվա, որ դատական համակարգը անկայուն է, միևնույն է, ես պնդում եմ, որ դատական համակարգը բավականին կայուն վիճակում է գտնվում, մեր համայնքը՝ դատավորների համայքն այնքան վատը չէ, ինչպես ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ որոշ սոցիալական կայքերում որոշ գնահատականներ են տրվում»։