Իրավաբանների հայկական ասոցիացիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմակերպել էր Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա միջոցառում։
Մեկնարկից առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով համակարգող Ռազմիկ Սարգսյանը, ինչպես նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ և 6-րդ հոսքերի խորացված փուլն ավարտած շրջանավարտները, աշակերտական հակակոռուպցիոն ակումբների «Կոռուպցիան աշակերտների աչքերով» նկարչական և շարադրությունների մրցույթների հաղթողները:
Իր բացման խոսքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ այս դժվարին պայմաններում, «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվել է բարեխիղճ, ժամանակին և կարողացել է հասնել ծրագրային բոլոր արդյունքներին, որոնք նախանշված էին։ Ավելին` ձեռք են բերվել մի շարք հավելյալ արդյունքներ, որոնք այսօր անպայման կներկայացվեն այս միջոցառման ընթացքում:
«2020 թվականը դժվար տարի էր, COVID-19-ով պայմանավորված համավարակ, ադրբեջանական կոռուպցիոն և ավտորիտար ռեժիմի ու իր գործընկերների կողմից մեզ պարտադրած անարդար պատերազմ, դրա հետևանքով մեծաթիվ զոհեր, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ:
Սիրելի երիտասարդնե’ր և աշակերտնե’ր, ծրագրի հաջողությունը նվաճվել է մեծապես ձեր շնորհիվ, քանի որ դուք գիտակցում եք ազնվության, բարեխղճության կարևորությունը, բարեխղճորեն ու ջանասիրաբար եք մոտեցել ծրագրի ընձեռած հնարավորություններին ու փորձել եք ծրագրից ստանալ առավելագույնը` հակակոռուպցիոն գիտելիքների, տեղեկատվության և կարողությունների տեսքով: Վստահ եմ, որ այսօրվանից սկսած ձեր լուման կներդնեք կոռուպցիայից զերծ, մաքուր Հայաստան կառուցելու մեր ընդհանուր գործին»,-նշեց նա:
ԻՀԱ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեդիայի դեսպանին` Շվեդիայի կառավարության կողմից «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն իր խոսքում կարևորեց երիտասարդության ակտիվությունն ու մասնակցությունը նմանօրինակ նախաձեռնություններին, Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի արդյունքները գնահատեց որպես գոհացնող:
Պատրիկ Սվենսոնը հետաքրքրվեց նաև այն կոռուպցիոն մարտահրավերներով, որոնց հանդիպում են երիտասարդներն ամենօրյա կյանքում:
«Խնդրո առարկան նոր տեսլականն է, որն իր մեջ ներառում է համակեցություն և համատեղ արարում, այլ ոչ թե տիրապետում և շահագործում, որոնք հաճախ իրականացվում են կոռուպցիայի միջոցով: Մենք այլ ընտրություն չունենք, քան ընկալել մեր զգացած հիասթափությունը և փորձել այդ նույն էներգիան նոր լուծումների վերափոխել:
Հենց այստեղ է, որ դուք մեծ դեր կխաղաք: Այսպիսի նախաձեռնություններին, ինչպիսին սա է, աջակցելու պատճառներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք, որ դուք զինված լինեք այնպիսի գործիքներով, որոնք թույլ կտան խորհել այնպիսի մտքերի շուրջ, որոնց մասին նախկինում չեք մտածել, գործել ավելի մեծ եռանդով և խորաթափանց ռազմավարությամբ, և որ ամենակարևորն է՝ դա անել հավաքական կերպով»,- ասաց դեսպանը։
«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրավաբան-օգնական Մարիամ Զաքարյանը ներկայացրեց հունիսից առ այսօր ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Նա շեշտեց, որ COVID-19-ով և պատերազմով պայմանավորված իրավիճակում աշխատելը մարտահրավեր էր, որը հաջողությամբ հաղթահարվեց:
«Այս պայմաններում կարողացանք ներգրավել 260 երիտասարդների և աշակերտների, ովքեր այսօր հակակոռուպցիոն կրթություն են ստանում Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակում: Ապահովված է ինչպես սեռային, այնպես էլ մարզային հավասար ներկայացվածությունը»,- նշեց նա:
Միջոցառման ընթացքում մարզային աշակերտական հակակոռուպցիոն ակումբների անդամների շրջանակում անցկացված «Կոռուպցիան աշակերտների աչքերով» խորագրով շարադրության և նկարչական մրցույթի հաղթողների աշխատանքները ներկայացվեցին, հավաստագրեր հանձնվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին։
Ավարտական դիպլոմներ հանձնվեցին նաև երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5 և 6-րդ հոսքերի շրջանանավարտներին։ Ի լրումն, 6-րդ հոսքերի շրջանավարտները ավելի վաղ ներկաներին ցուցադրեցին իրենց խմբային կրթաթոշակների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները։